Home / Տեսանյութեր / Ակտիվիստին քննիչի ծանուցումները ուշ են հասնում. նրան պատրաստվում են բերման ենթարկել

Ակտիվիստին քննիչի ծանուցումները ուշ են հասնում. նրան պատրաստվում են բերման ենթարկել

Քաղաքացիական ակտիվիստ Մաքս Գրիգորյանին բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել, սակայն այսօր նրա տուն այցելած ոստիկանները, խորհրդակցելով քննիչի հետ, որոշել են նրան բերման ենթարկելու համար վերադառնալ ժամը 15.00-ին:

Ինչպես Epress.am-ին հայտնել է Գրիգորյանը, բերման ենթարկելու պատճառն այն է, որ, ծանուցագիր ստանալով, ինքը ոստիկանություն չի ներկայացրել:

Գրիգորյանի խոսքով, սակայն, ինքը չէր կարող ներկայանալ, քանի որ սեպտեմբերի 20-ի համար ծանուցագիրը ստացել է սեպտեմբերի 23-ին միայն: Ծանուցագրով Գրիգորյանին հրավիրել էին որպես վկա ցուցմունք տալու հուլիսի 22-ին «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին: Ըստ ոստիկանության ծանուցման՝ ակտիվիստներից մեկը «ոչ վտանգավոր գործողություն գործադրելով ձեռքով մեկ անգամ հարվածել է ոստիկանի»: 

Հիշեցնենք, որ Մաքս Գրիգորյանին որպես վկա կանչել են նաև ակցիայի ժամանակ ոստիկանական մեքենան վնասելու գործով ցուցմունք տալու համար: Այս դեպքում նրան ծանուցումը հասել է 9 օր ուշացումով:

Նշենք, որ ակտիվստը մասնակցել է  նաև Կոմիտասի 5-ում անցկացվող բողոքի ակցիաներին: Վարչական իրավախախտման համար ակտիվիստից գումար գանձելու պահանջով Ոստիկանության Արաբկիրի բաժինն արդեն դիմել է Վարչական դատարան: 

Լուսանկարը՝ Մաքս Գրիգորյանի Facebook-ի էջից