Home / Տեսանյութեր / Ակցիաներ չկան. Կոմիտաս 5-ում շինարարությունն ընթանում է ողջ թափով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակցիաներ չկան. Կոմիտաս 5-ում շինարարությունն ընթանում է ողջ թափով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոմիտասի 5 հասցեում սեպտեմբերի 5-ից վերսկսված շինարարական աշխատանքները օրեցօր ավելի մեծ թափ են առնում: Նորովի ամրացրած պարիսպների ու փակ դարպասների հետևում և շուրջ 10-15 ոստիկանների հսկողության տակ առավոտյան ժամը 08.00-ից մինչև երեկոյան 18.00-ն հիմքը գցելու աշխատանքներ են իրականացվում:

Epress.am-ի թղթակիցն այսօր շրջել է տարածքում և զրուցել բակի մի քանի բնակիչների հետ: Վերջիններս նշել են, թե գրեթե ամեն օր փորձում են կասեցնել շինաշխատանքները, սակայն պարիսպների ներսում ու դրսում շրջող ոստիկանները անմիջապես «առաջները կտրում են»: Բնակիչներից մի քանիսը պատմել են, որ կառուցապատողը մարդիկ է գործուղում բակ, ովքեր սպառնալիքների տակ փորձում են ճնշել բնակիչներին: Վախեցնողները, մեր զրուցակիցների պնդմամբ, ասել են, թե՝ ցանկացած ոք, ով կփորձի խոչընդոտ հանդիսանալ, ստիպված կլինի մինչև 50 հազար դոլար տուգանք վճարել:

«Ամեն օր 10 ժամից ավել էդ անտերը հիմքերը քանդում ու քանդում ա: Կողքի 3 շենքերի տակի հսկա սալաքարերը սաղ հանեցին, մեր տները քանդեցին, պրծան. 5 Ա-ի բնակիչներից շատերը որոշել են տները ծախեն ու գնան ստեղից, բայց գին տվող չկա: Քեշիշին (իրանահայ գործարար Էդուարդ Աբրահամյան-Քեշիշյան-խմբ.) ասել են՝ «արի, մեր շենքն առ, պրծնենք, համ քո տարածքը կմեծանա, համ էլ մենք քեզանից կպրծնենք», – պատմել է բնակիչներից 87-ամյա Էմմա Արիստակեսյանը:

Մոտ 45 տարեկան Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք հնարավոր բոլոր  միջոցներով փորձում են պայքարել տարածքի համար, սակայն պարզվում է՝«կառուցապատողի երեսը հսկա քարերից էլ պինդ է»:

Նա նշել է, թե իրենք մի շարք նամակներ են պատրաստել՝ մի քանի գերատեսչությունների ուղարկելու նպատակով, սակայն առաջնայինը ԱԻՆ-ին հասցեգրված նամակն է:

«Խնդրելու ենք, որ գան, նայեն ու եզրակացություն տան՝ կարելի է արդյո՞ք փակել 3 շենքերի քթի տակ եղած ենթակայանի ճանապարհը», – դժգոհել է Կոմիտաս 5Ա շենքի մեկ այլ բնակիչ, 80-ամյա Ռոբերտ Ավշյանը:

Նրանք նաև նշել են, որ օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին իրենց հետ միասին պայքարող ակտիվիստները Կոմիտաս 5-ում գրեթե չեն երևում: Բնակիչներից մի քանիսը նշել են, թե պայքարող ակտիվիստներին «բռնում-տանում, փակում են, ո՞վ ա գժվել գա»:

«Համ էլ մենք էդքան խեղճ չենք, ակտիվիստներն էլ ասել են՝ կգան, ուղղակի հիմա զբաղված են Փակ շուկայով, բայց խոստացել են, որ կգան», – ասել է Էմմա Արիստակեսյանը:

Epress.am-ը զրուցել է «Նախախորհրդարան» շարժման անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ և քաղաքացիական ակտիվիստ Վարդան Գերավետյանի հետ, ովքեր ակտիվորեն մասնակցում էին Կոմիտաս 5-ի բողոքի ակցիաներին:

Մեր այն հարցին, թե ինչպես են ակտիվիստները պատրաստվում սատարել Կոմիտասի բնակիչներին, Խզմալյանը նշել է, թե ներկա պահին իրենք ուսումնասիրում են իրավիճակը, փորձում են փնտրել ինչպես քաղաքացիական դիմադրության, այնպես էլ իրավական պայքարի ուղիներ:

«Մենք միայնակ չենք թողնելու մարդկանց, այսինքն՝ մենք ասելով նկատի չունեմ միայն «Նախախորհրդարանը», այլև քաղաքացիական հասարակությունը, քանի որ դա այևս մի բակի կամ նախաձեռնության խնդիր չէ: Կոմիտասի 5-ը դարձել է համաքաղաքական, համազգային խնդիր: Սա իշխանության անօրինությունների հերթական նմուշն է ՝ ապացույցը վերոնշյալ տարածքում օրնիբուն հսկողություն կիրականացնող ոստիկանական ուժերն են. սա նշանակում է, որ իրենք շատ լուրջ են վերաբերվում ու այս խնդիրը մեկ բակի, կամ սեփականատիրոջ խնդիրը չէ, սրանք մեծ ջանքեր են, որոնք իշխանությունն ուղղում է քաղաքացիների համերաշխությունը ջախջախելու ուղղությամբ: Դա չի հաջողվի ոչ այստեղ, ոչ Փակ շուկայում, ոչ էլ պայքարի որևէ օջախում», – ասել է Խզմալյանը:

Վարդան Գերավետյանն էլ նշել է, թե իրենք ամեն կերպ աջակցելու են Կոմիտասի 5-ի համար պայքարող բնակիչներին՝ խնդիրը իրավական հարթության մեջ քննելու գործում, ինչպես նաև չի բացառել քաղաքացիական ընդվզման տարբեր եղանակները: