Home / Հայաստան / Հայաստանցի գործարարները կեղծ չինացիների զոհն են դարձել

Հայաստանցի գործարարները կեղծ չինացիների զոհն են դարձել

2013թ-ի ընթացքում 5 հայտնի հայ գործարարներ դարձել են համակարգչային խաբեության զոհ և կորցրել շուրջ կես միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը:

Այս փաստով համապատասխան քրեական գործերը ներկայում դեռ քննության փուլում են, և հափշտակության զոհ դարձած գործարարների և նրանց պատկանող ընկերությունների անունները, ելնելով քննության շահերից, չեն բացահայտվում:

Գլխավոր դատախազության և Ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետ Արթուր Գոյունյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում որոշ բացահայտումներ է արել հանցագործների կիրառած ժամանակակից միջոցների վերաբերյալ:

«Հանցագործը հասանելիություն ստանալով իր արտասահմանյան գործընկերոջ հետ հայ գործարարի էլեկտրոնային նամակագրությանը, պատրաստել է արտասահմանում գործող կազմամկերպության էլեկտրոնային հասցեի նմանակը (կլոնը), կատարելով չնչին փոփոխություններ հասցեի մեջ, ստեղծելով խաբկանք, թե նույն անձի հետ է կատարվում նամակագրությունը, առաջարկ է արել վճարումները կատարել մեկ այլ հաշվեհամարին: Հայասատանյան գործարարները որեւէ բան չկասկածելով, գումարը փոխանցել են այդ կեղծ հաշվեհամարին, իսկ իրական արտասահմանյան գործընկերը մնացել է խաղից դուրս»,- նշել է Արթուր Գոյունյանը:

Պարզվում է նոր սերնդի հանացագործները, այսպես կոչված, կիբերհանցագործները, հետևում են նաև շուկայական հարաբերությունների միտումներին: Այսպես, հայ գործարարները, ըստ ամենայնի, վերջին շրջանում ակտիվացրել են հատկապես էժանագին չինական շուկայի հետ առևտրևային կապերը: Այս առումով, թերևս պատահական չէ, որ կատարված բոլոր 5 հանցագործության դեպքերն էլ կապված են հենց այդ երկրի կազմակերպություններից որոշակի ապրանքների գնման գործընթացի հետ:

Հիշյալ գործերի քննությամբ զբաղվող ՀՀ Ոստիկանության ՔԳՎ ՀԿԳՔՎ ավագ քննիչ Նարեկ Համբարձումյանը նշել է, որ քննության արդյունքում պարզվել է, որ հափշտակություն կատարողները գործել են Չինաստանի տարածքում, բայց չեն հանդիսացել այդ երկրի քաղաքացիներ: Նախ նրանք Չինաստանում ստեղծել են միջնորդ կազմակերպություններ, որոնց նպատակը բացառապես բանկային հաշիվներ բացելն է եղել:

Հետո արդեն գործի են դրվել համակարգչային տեխնիկայից ունեցած գիտելիքները, և հայ գործարարների գումարները դարձել են ինչ-որ մեկի ավարը:

«Հայկական և չինական ընկերությունների էլեկտրոնային բանակցությունների ընթացքում հակերների կողմից կոտրվում են չինական ընկերութունների էլեկտրոնային փոստարկղերը, որսվում են բոլոր նամակագրությունները, որի արդյունքում ինչ-որ թիվ, կամ տառ փոխելով ստեղծում են  չինական կազմակերպության էլ. փոստի նմանակը: Երբ գալիս է գործարքի այն փուլը, երբ հայկական կողմը պետք է ուղարկի գումարը ապրանքը ստանալու համար, Չինաստանից պատասխանում են ոչ թե իրական կազմակերպությունը, այլ արդեն հանցագործները: Հայկական կողմը, որ այդ պահին չի նկատում, որ էլ. հասցեն փոխված է, փաստորեն գումարը ուղարկում է ոչ թե իրական չինական կազմակերպության, այլ  հանցագորների ստեղծած բանկային հաշիվներին»:

Քննությամբ նաև պարզվել է, որ Հայաստանից ստացված գումարները նույն օրը ևեթ կանխիկացվել են:

Քննչական մարմինն իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդություններով դիմել է Չինաստանի իրավապահ մարմիններին: