Home / Հայաստան / Փաստաբանը պահանջում է վերանայել Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատելու որոշումը

Փաստաբանը պահանջում է վերանայել Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատելու որոշումը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը  բողոք է ներկայացրել Զինդատախազություն՝ պահանջելով վերացնել նախկին մեղադրյալներ՝ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և նախկին մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին ազատ արձակելու մասին քննիչ Ալեքսան Ղազարյանի որոշումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՊՆ-ն, որ մեղադրյալների նկատմամբ հետապնդումը դադարեցվել էր այն հիմքով, որ նրանց գործողությունները եղել են ինքնապաշտապնության դրսևորումներ, իսկ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 137 հոդվածի առաջին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը: 

Իր բողոքում Ալումյանը՝ ի թիվս այլ հիմնավորումների, նշել է, որ քննիչը որոշում կայացնելուց առաջ վերլուծել է միայն մեկ կողմի՝ Սուրեն Խաչատրյանի կողմի ներկայացուցիչների ցուցմունքները, իսկ Արտակ Բուդաղյանի ցուցմունքների վերլուծություն չկա, կա միայն ձևի համար մի քանի նախադասություն հոր՝ Էմիլ Բուդաղյանի ցուցմունքից: «Նման կերպ, ընտրողաբար վերլուծություն անելով, կարելի է ցանկացած գործում ցանկացած ելք ունենալ»,- ասել է Ալումյանը:

Փաստաբանը հատկանշական է համարում այն, որ Խաչատրյանների կողմը ներկայացնող ցուցմունքները չեն համապատասխանում դեպքի տեսաձայնագրությանը, ավելին՝ դրանք չեն համապատասխանում նաև քննիչի եզրակացություններին:

Ալումյանի խոսքով՝ քննիչը գրել է, թե Ավետիք Բուդաղյանը սպառնացել է և կատարել է սպանության փորձ, մինչդեռ փաստաբանն ասում է, որ Բուդաղյանը զենք չի վերցրել մինչև այն պահը, երբ Խաչատրյանը սկսել է կրակել:

«Ավետիք Բուդաղյանը եղել է հաշտարարի դերում, մինչ Խաչատրյանը զենքը չի վերցրել և բաց թողել առաջին երեք կրակոցները և մինչ չի տեսել, որ իր եղբոր վրա են կրակել: Իրենց կողմից կրակել են 11 անգամ, այս կողմից՝ 2 անգամ: Սա հաշվի առնելով՝ ինքնապաշտպանության մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Ալումյանը:

Ըստ նրա՝ քննիչի՝ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ծանրագույն հանցագործության պարտակում է:

Այն հարցին, թե հույս ունի՞ արդյոք, որ իր բողոքը կընդունվի, Ալումյանն ասել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի այս գործով արդար վճիռ լինի, իսկ քննիչը՝ պատասխանատվություն կրի իր որոշման համար:

«Վստահ եմ, որ արդարադատության հասնելու ենք, հարցը այն է, թե որ ատյանի դատարանում դա կլինի: Ցանկացած ատյան, որ կպաշտպանի քննիչի որոշումը, կհայտնվի օրենքից դուրս իրավիճակում»,- ասել է Ալումյանը: