Home / Տեսանյութեր / Օրը սկսել «Տիգրան Առաքելյանին ճանաչում ենք քաղբանտարկյալ»-ով. ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրը սկսել «Տիգրան Առաքելյանին ճանաչում ենք քաղբանտարկյալ»-ով. ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայ Ազգային Կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանն առաջարկել է ստեղծել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի պաշտպանության կոմիտե: Այսօր ի պաշտպանություն Առաքելյանի ՀՀ գլխավոր դատախազության մոտ ավանդական ուրբաթօրյա ակցիայի ժամանակ Զուրաբյանը նշել է, թե ցանկացած ոք, ով կուզենա միանալ նախաձեռնությանը, մեկ պարզ գործողություն պետք է իրականացնի՝ ստորագրի հետևյալ գրության տակ՝ «Մենք Տիգրան Առաքելյանին ճանաչում ենք քաղբանտարկյալ և պահանջում անհապաղ ազատել նրան»:

Նա տեղեկացրել է, որ վաղը 6 թերթ՝ «Չորրորդ ինքնիշխանություն», «Առավոտ», «Հրապարակ», «Ժամանակ», «168 ժամ», «Ժողովուրդ», լույս են տեսնելու այդ նախադասությամբ:

«Կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին այդ նախադասությամբ սկսել ամեն աշխատանքային օր ու այնքան ժամանակ, քանի դեռ Առաքելյանը բանտում է: Այդ ֆրազից բռնապետը փախչելու տեղ չի ունենա. ամենուրեք այդ նախադասությունը պետք է հետևի նրան, և նա պետք է հասկանա, որ այդ պահանջի հետևում կանգնած է ամբողջ ազգը», – հայտարարել է Զուրաբյանը:

Վերջինս նշել է, թե նախաձեռնությանն անդամագրվելու մանրամասների մասին ավելի ուշ կտեղեկացնեն մամուլի միջոցով:

Զուրաբյանի խոսքով՝ Պաշտպանության կոմիտեն լինելու է ամենամասսայական կազմակերպությունը Հայաստանում: