Home / Հայաստան / ՄԱԿ-ին և ԵԽ-ին խնդրում են քայլեր ձեռնարկել Տիգրան Առաքելյանին ազատելու ուղղությամբ

ՄԱԿ-ին և ԵԽ-ին խնդրում են քայլեր ձեռնարկել Տիգրան Առաքելյանին ազատելու ուղղությամբ

Հայաստանում գործող 22 հասարակական կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ նամակ են հղել ՄԱԿ-ի և ԵԽ-ի պաշտոնյաներին՝ իրենց մտահոգությունը հայտնելով Հայաստանում քաղաքական հայացքների համար իրականացվող հետապնդումների կապակցությամբ: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռւոպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից տարածած նամակի հեղինակները խնդրում են, մասնավորապես, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյին,  Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուլժնիեկսին միջոցներ ձեռնարկել ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործի արդարացի քննության և քաղաքական բանտարկյալ Տիգրան Առաքելյանին կալանքից ազատելու ուղղությամբ:

Ներկայացնելով Տիգրան Առաքելյանի և ՀԱԿ այլ 6 ակտիվիստների գործի քննության մանրամասները՝ նամակի հեղինակները նշում են, որ, ինչպես իրավապահ մարմինները, այնպես էլ դատարանը չեն իրականացրել գործի պատշաճ, լիարժեք և բազմակորղմանի քննություն՝ հաշվի չառնելով բազմաթիվ վկայություններ և խոշտանգումների վերաբերյալ հայտարարություններ:

«Ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործը ներկայումս գտնվում է դատական կարգով բողոքարկման փուլում: Տիգրան Առաքելյանը միջադեպի օրվանից մինչ օրս անազատության մեջ է, իսկ նրա փաստաբանների՝ կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին բազմաթիվ միջնորդությունները, այդ թվում նաև 2013 թ. սեպտեմբերի 18-ին ներկայացված միջնորդությունը 110 քաղաքացիների երաշխավորությամբ, հետևողաբար մերժվում են դատարանի կողմից:

Հանդիսանալով Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի անդամ և ՀՀ Սահմանադրության ուժով՝ Հայաստանը կրում է պարտավորություն կատարել այս մարմինների շրջանակներում և դրանց հարակից կառույցների կողմից ընդունվող փաստաթղթերի պահանջները և հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքներին: Այնուամենայնիվ, մինչ օրս վերը նշված ՀԱԿ ակտիվիստների առնչությամբ ՀՀ իրավապահ մարմինների գործողություններով և նրանց ազդեցության տակ գործող դատարանների որոշումներով ոտնահարվել են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչի արդյունքում ՀՀ-ն խախտել է մի  շարք միջազգային պարտավորությունները: Մասնավորապես` Տիգրան Առաքելյանի ազատազրկումն ակնհայտորեն պայմանավորված է եղել իր ընդդիմադիր ակտիվիստ լինելու հանգամանքով և հիմնավորված է միայն ոստիկանների ցուցմունքներով: Մյուս երեք ակտիվիստներին սպառնում է քաղաքական բանտարկյալ դառնալու ճակատագիրը, եթե նրանց վերաքննիչ բողոքն առաջիկայում չբավարարվի և դատարանի վճիռը մտնի ուժի մեջ», – նշում են դիմումի հեղինակները:

ՀԿ-ներն ու անհատ քաղաքացիները դիմում են մարդու իրավունքներով մտահոգ համաշխարհային և եվրոպական միջպետական կազմակերպություններին և կառույցներին՝ հայցելով նրանց միջամտությունը՝ պահանջելու Հայաստանի Հանրապետության իշխանություններից կատարելու մարդու իրավունքների բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունները՝ անհապաղ ազատ արձակելու  քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին և դադարեցնելու Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ անօրինական կերպով հարուցված քրեական գործը: