Home / Հայաստան / Նստացույց անողներին մեքենա են տվել. նրանց ավտոներին հարվածել էր ԶԻԼ-ը

Նստացույց անողներին մեքենա են տվել. նրանց ավտոներին հարվածել էր ԶԻԼ-ը

Քաղաքապետարանի մոտ նստացույց անող երեք երիտասարդներին՝ Վահագն Մինասյանին, Գոռ Առաքելյանին և Սուրեն Սահակյանին համերաշխություն հայտնելու համար քաղաքացիներից մեկը իր մեքենան է տրամադրել:

Ակտիվիստների տրամադրության տակ գտվող երեք մեքենաներից երկուսին նախօրեին ԶԻԼ մակնիշի բեռնատար էր հարվածել, և դրանք տեղափոխել էին տուգանային հրապարակ: Ինչպես Epress.am-ին հայտնել է Սուրեն Սահակյանը՝  երկորդ մեքենան անհրաժեշտություն էր ոչ միայն գիշերելու, այլ նաև նստացույցի մասնակիցների իրերը պահելու, ակցիայի պահանջը կիսող քաղաքացիներին հանսգտանալու տեղ ապահովելու համար, քանի որ ամեն գիշեր մի քանի ակտիվիստներ միանում են նստացույց անողներին: Նշենք նաև, որ ոստիկանությունը ակտիվիստներին այդպես էլ թույլ չի տվել վրան տեղադրել:

Սահակյանի փոխանցմամբ՝  ևս երկու քաղաքացի պատրաստակամություն են հայտնել իրենց մեքենաները տրամադրել ակտիվիստներին:

Մեր հեռախոսազրույցի պահին՝ 13:00-ի սահմաններում, Սահակյանը գտնվում էր Ճանապարհային ոստիկանության քննչական բաժնում և ցուցմունք էր տալիս: Այս պահի դրությամբ, պաշտոնական վարկածի համաձայն, դեպքը որակվում է որպես ճանապարհային պատահար: Ակտիվիստներն այս վթարը համարում են դիտավորություն՝ ուղղված իրենց նախաձեռնության դեմ:

Նշենք, որ նստացույց անցկացնող Գոռ Առաքելյանը, Սուրեն Սահակյանը և Վահագն Մինասյանը պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը: Երեք երիտասարդներին մի խումբ ակտիվիստներ են աջակցում:

Լուսանկարը՝ Վահե Գևորգյանի Facebook-ի էջից