Home / Տեսանյութեր / Ոսկին ծախել են, էներգակիրներ չկան, բայց անկախությունն անշրջելի է, վստահ է պատգամավորը

Ոսկին ծախել են, էներգակիրներ չկան, բայց անկախությունն անշրջելի է, վստահ է պատգամավորը

Հայաստանի անկախությունը թեև աղճատված, ցեց ընկած է, բայց անշրջելի է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: 

Ըստ նրա՝ երկրի անկախությանը մեծ հարվածներ են հասցվել իշխանությունների կողմից: Որպես օրինակ Մանուկյանը նշել է, որ այսօր որևէ էներգակիր Հայաստանով չի անցնում, այդ թվում նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազաատարը: Մանուկյանի խոսքով՝ խնդիր է նաև այն, որ մեր պետության ռազմական անվտանգությունը վստահվել է մի երկրի [Ռուսաստանին], իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից երկրի ողջ ոսկու պաշարը վաճառվել է:

Այնուամենայնիվ, պատգամավորը նշել է, որ լավատեսորեն է տրամադրված. նա վստահություն է հայտնել, որ Հայաստանն անկախ է և դրան ոչինչ սպառնալ չի կարող: Այս լավատեսությունը պայմանավորված է լավ երիտասարդություն, սեր առ անկախություն ունենալով և հաղորդակցության միջոցների զարգացվածությամբ, ինչը, ըստ Մանուկյանի, թույլ է տալիս, որ Հայաստանի քաղաքացիների ողջ ներուժը  անհրաժեշտության դեպքում արագ կենտրոնանա, և լուծում տա առկա խնդիրներին:

«Մեր ժողովուրդը երբեք ավելի միասնական չի եղել ու չի լինի, ինչքան այն ժամանակ, երբ մենք անկախության հանրաքվե էինք անցկացնում: Ընդամենը 10.000 մարդ է դեմ քվեարկել՝ երկու միլիոն «այո»-ի դեմ: Հանրաքվեին մասնակցեց բնակչության 95%-ը, իսկ քվեարկողների 99 %-ը կողմ քվեարկեց:  Յուրաքանչյուր քաղաքացի զգում էր, որ ինքն է որոշողը: Արդյունքում մենք  անկախություն հռչակեցինք իրավաբանորեն ամենաանխոցելի կերպով ողջ խորհրդային տարածքում», – հայտարարել է Արամ Մանուկյանը: