Home / Տեսանյութեր / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատամատիկները փակելու են ականջները, որ չլսեն հրապարակում հնչող «ոռնոցը»

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատամատիկները փակելու են ականջները, որ չլսեն հրապարակում հնչող «ոռնոցը»

Վաղ առավոտից Հանրապետության հրապարակի հարակից այգում հավաքված ազատամարտիկները, ովքեր բողոքի ակցիա են անցկացնում՝ ի պաշտպանություն  իրենց ձերբակալված ընկերոջ, պահանջում են, որ Պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը աշխատանքից ազատի երեկ նրա ձերբակալության մասին արված հայտարարության հեղինակին և վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկի՝ սուտ ինֆորմացիա տարածելու ու դեպքերը սուտ ներկայացնելու համար: Այս մասին ազատամարտիկներն ասել են Epress.am-ի թղթակցի հետ զրույցում: Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է հինգշաբթի, ըստ ՊՆ հայտարարության՝ մեղադրվում է խարդախությամբ 2000 դոլար հափշտակելու մեջ:

Ավետիսյանի ընկերները համոզված են, որ Անկախության օրվա նախօրեին իշխանությունների նման գործելաոճը իրենց շարժումը գլխատելուն ուղղված միտումնավոր արարք է:

«Այսօր անարժաններին մեդալներ ու պատվոգրեր են տալու, իսկ մաքուր տղաներին, ովքեր պատերազմ են անցել, պարգևատրում են չակերտավոր նվերներով՝ կալանավորում են: Անկախությունը ժողովրդին ազատություն է տալիս, իսկ ազատության համար պայքարած տղային  այսօր զրկում են ազատությունից: Օրենքն իրենց համար է ու մեզ չի վերաբերում, Անկախության օրը տղաների համար սուգ է, «ով հաղթի, ով նշի», – ասել է ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը:

Նա վստահեցրել է, որ իրենց պայքարը շարունակվելու է՝ անկախ ամեն ինչից:

«Քիչ հետո հրապարակում կսկվի համերգ-կապիկությունը (նկատի ունի Նունե Եսայանի համերգը – խմբ.), ու մենք ստիպված կլինենք բամբակով փակել մեր ականջները, որ էդ թուրքական ոռնոցները լսելուց  մեր կանտուզիան չսրվի: Մենք էլ ժողովրդի հետ սպասում ենք կրկեսի շենքի ավարտին, որ էս կապիկներին ուղարկենք՝ այնտեղ անեն իրենց կապիկությունները», – եզրափակել է Մելիքբեկյանը: