Home / Տեսանյութեր / «Տղա ջան, խելոք մնա». Ինչպես են կարկուտից տուժած գյուղացիներին օգնություն բաժանել

«Տղա ջան, խելոք մնա». Ինչպես են կարկուտից տուժած գյուղացիներին օգնություն բաժանել

Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած գյուղերում  բնակչությանը  տրամադրված օգնությունները բաժանվել են ավագանի-գյուղապետ-մարզպետ մախանիզմի օրենքներով: Այսպիսի համոզմունք ունեն մարզի տուժած երեք համայնքների մի շարք բնակիչներ, որոնցից մի քանիսը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել են վերջին ամիսների իրադարձությունները:

Նրանք ընդգծել են՝ ինչպես կառավարության, այնպես էլ մնացած կողմնակի օգնությունները խիստ վերահսկվել են պատկան մակարդակով ու դրանից օգտվել է ոչ թե տուժած գյուղացին, այլև համայնքային ու մարզային ղեկավարները:

«Պիտանի սերմեր շատ-շատ են բերել, բայց չիմացանք՝ ո՞ւր վերացրին, խուժան սերմացուն գդալ-գդալ բաժանեցին», – մասնավորապես, ասել է Շենավան համայնքի բնակիչ Բարունակ Ղուկասյանը:

Նա Epress.am-ի թղթակցին պատմել է, թե խիստ անհավասար  բաժանման դեմ  ընդդիմացողները ենթարկվել են հետապնդումների, շատերի հետ էլ «ղեկավարության մակարդակով երկար բացատրական աշխատանքներ են տարվել»:

«Ով որ շատ էր խոսում, տանում, հասկացնում էին, թե «տղա ջան, խելոք մնա, կարգն ա ըտենց, պետությունն ա ըտենց»: Դե որ գյուղապետը պաշտպանվի մարզպետի ու  վարչապետի մակարդակով, էլ ո՞վ կարա գյուղապետին մի բան ասի:  Խոսքը ոչ միայն մեր գյուղապետի մասին է, այլև՝ մնացած տուժած գյուղերի: Էս ամբողջը վերևից ա եկել՝  ամեն ինչը  մարզպետի հրահանգով են արել: Կառավարությունը հիմա էլ ասում ա՝ «օգնեցինք», ինչ-որ տեղ ճիշտ ա ասում, օգնեցին, բայց մենակ թղթի վրա, էդ ամբողջ օգնությունը բյուջեից դուրս եկավ, նորից ֆռաց, գյուղապետերի միջոցով հետ գնաց իրենց», – կարծիք է հայտնել Ղուկասյանը:

Նա հավելել է, թե իրենց համայնքը այն բացառիկներից է, որտեղից նախկինում արտագնա աշխատանքի մեկնողներ գրեթե չեն եղել, մինչդեռ վերջին 3-ամիսներին գյուղը աստիճանաբար սկսել է դատարկվել՝ «գյուղում 18 տուն կա, լրիվ դատարկ են»:

Հայկավան համայնքի բնակիչ Հովհաննես Հակոբյանը շեշտել է, թե օգնությունը միայն ապահովվածներին էր հասանելի:

«Կարիքավորները ոչինչ էլ չստացան: Ավագանիները՝ գյուղապետի, հաշվապահի ներկայությամբ ում անունն ուզել, թողել են, ումն էլ ուզել՝ հանել են:  50-հազարական դրամ բաժանեցին կարիք չունեցողներին, հետո էլ Կարմիր խաչի օգնությունը, բայց  մեզ ոչինչ չհասավ: Երկու անչափահաս երեխա ունեմ, մեզ ցուցակից հանեցին, տվեցին նրանց, ովքեր ստեղի գրանցում չունեին ու ապահովված էին: Մեզ 40 հազար տվեցին՝ էն էլ «ՄԱՊ»-ի Ալիկ Պետրոսյանի բացած հիմնադրամի հավաքած  268 միլիոն դրամից», – պատմել է Հակոբյանը:

Վերջինս նշել է, որ գյուղացիներից շատերը չափից դուրս հիասթափված են ու կոտրված, իսկ գյուղապետ Մամիկոն Գևորգյանը մեկնել է Եվրոպա՝ հանգստանալու:

«400 տնտեսությունից 40 ընտանիք է 50 հազարականները ստացել, 80 հոգին՝ Կարմիր խաչի պասիլկան են ստացել, մի 150-նն էլ 40 հազարն են ստացել: Ուրիշ ոչ մի օգնություն չի եղել գյուղում, մեկ սերմերն էին, որ ողորմության նման տվեցին, բայց շատերը հրաժարվեցին», – ասել է մեր զրուցակիցը:

Նա նաև նշել է, թե գյուղում որոշ ընտանիքներ տարբեր միջոցներով օգտվել են բոլոր օգնություններից միաժամանակ, իսկ իրական անապահովները այդպես էլ թշվառ ու տուժած մնացել են՝ «ժողովուրդը իրա աբուռը քաշել ա իրեն, մնացել ա, ի՞նչ անի»:

Մրգաշատցի Երեմ Առաքելյանն համակարծիք է, որ օգնության բաժանումն անարդարացի է եղել՝ «թացն ու չորը սաղ խառնեցին»:

«Հիմա էլ իբր թե սերմացու ցորեն են բերել որպես օգնություն: Այսինքն էն, որ մի բանով ուզում են օգնած լինեն, արի ու տես՝ 1 կգ-ն հաշվում են 80 դրամ, հիմա անվճար տալիս են էն պայմանով, որ եկող տարի կիլոգրամին կրկնակի ցորեն տաս, կամ էլ 160 դրամով փակվես: Սերմը տրաքած է, կարմիր ներկել, բերել են: Թե մեջը ինչ կա՝ աճելուց հետո կպարզվի, եթե իհարկե աճի: Ստացվում է, որ էս անհայտ  ծագման ցորենը կամ բերք կտա, կամ էլ մեզ կրկնակի կտուժեցնի», – եզրափակել է Առաքելյանը:

Նույն համայնքի բնակիչ, ավագանու անդամ Թաթուլ Սողոմոնյանն էլ մեր թղակցին տեղեկացրել է, թե օգնությունը նորմալ է բաժանվել ու ինքը բողոքելու ոչինչ չունի: