Home / Տեսանյութեր / Բաղդասարովը չի վճարում «Արմավիայի» դեմ հայց ներկայացրած աշխատողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բաղդասարովը չի վճարում «Արմավիայի» դեմ հայց ներկայացրած աշխատողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գարնանից չվերթները դադարեցրած «Արմավիա» ավիաընկերության 20 նախկին աշխատակիցներ այսօր նախագահական նստավայրի դիմացի մայթին բողոքի ակցիա են անցկացրել ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի դեմ:

Նրանք պնդում են, որ Բաղդասարովը վրեժ է լուծում 20 աշխատողներից՝ իրեն դատի տալու համար և չի վճարում աշխատավարձերը, մինչդեռ մյուս աշխատողներին մարտ և ապրիլ ամիսների աշխատավարձերն արդեն բաժանել են:

Ակցիայի մասնակիցներին ընդունել են նախագահական նստավայրում, որտեղ բողոքողները ներկայացրել են իրենց խնդիրները:

«Մեզ բացահայտ ասել են, որ հենց այդ քսանիդ աշխատավարձ չտալու հրահանգը տվել է Բաղդասարովը: Մենք նախագահականում ասացինք այդ մասին և հարցրեցինք՝ արդյո՞ք սա նորմալ երևույթ է: Մեզ ասացին՝ չէ, մենք ոչինչ չենք կարող անել: Ասում են՝ նա դրա իրավունքը ունի: Տվեք դատարան», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ Քրիստինե Մկրտչյանը:

Նշենք, որ 20 բողոքավորները դատարան էին դիմել` իրենց աշխատավարձները կեղծիքներով հաշվելու փաստի դեմ բողոքելով: «Արմավիայի» դեմ այդ գործով մեկ դատական նիստ արդեն տեղի է ունեցել, որին պատասխանող կողմը չի ներկայացել:

Ակցիայի մասնակիցները նախագահականում մեկ այլ հարց էլ են բարձրացրել՝ խոսելով Աշխատանքի տեսչության լուծարման խնդրի մասին: Այս թեման նրանց անհանգստացնում է, քանի որ տեսչությունը զբաղվում էր իրենց աշխատավարձերի վերադարձման հետ կապված դիմումներով: Նախագահականում պատասխանել են, որ տեսչությունը ոչ թե լուծարվել, այլ մտել է Առողջապահության նախարարության կառույցի մեջ և այդ հարցով պետք է դիմել կառավարությանը:

«Մենք, համենայնդեպս, կդիմենք կառավարությանը: Հետո մենք պետք է անընդհատ բողոքի ակցիաներ կազմակերպենք», – ասել է Մկրտչյանը՝ նշելով, որ բողոքի ակցիա են կազմակերպելու նաև ԱՄՆ դեսպանության շենքի մոտ, որպեսզի այնտեղ որոշեն՝  «ինչքանով է մեր երկիրը ժողովրդավարական»: