Home / Հայաստան / Սարգիս Հացպանյան. «Եթե Սեյրան Օհանյանը կարգին մարդ լիներ…» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սարգիս Հացպանյան. «Եթե Սեյրան Օհանյանը կարգին մարդ լիներ…» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազատամարտիկ, պահեստազորի  փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դեմ կազմակերպած դավադրությունը հայի ձեռքի գործ չէ, թերևս սա պատվեր է Ադրբեջանից: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ավետիսյանի մարտական ընկերների հետ  բողոքի անցկացնող ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը, ով նոր է ժամանել Ֆրանսիայից: Ավետիսյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 19-ին, մեղադրվում է խարդախությամբ 2000 դոլար հափշտակելու մեջ:

«Ես լուրջ կասկածներ ունեմ բոլոր նրանց ծագումների վերաբերյալ, ովքեր սուտ մեղադրանքներ են առաջադրում Ավետիսյանին: Տղան նյութի համար չի ապրել, հակառակ դեպքում հիմա չգիտե՞ք՝ որտեղ  կլիներ: Այսօր ՀՀ բանակում կոչումով գեներալ եղած ցանկացած մարդու ռազմական ոլորտում  ուսուցանելու բան ունի Ավետիսյանը, վստահ կարող եմ ասել, որ կարող են աշակերտել Ավետիսյանին», – ասել է Հացպանյանը:

Ազատամարտիկը վստահեցրել է, թե Լեոնիդ Ազգալդյանի մոտ ծառայած զինվորը չի կարող որևէ բացասական արարք թույլ տալ:

«Սեյրան Օհանյանը լավագույնս է ճանաչում Վոլոդյային, ու չկա ռազմական գործիչ, ով չի ճանաչում նրան, թող իրենք ընդգրկվեն գործի մեջ ու արդարությունը տեղը բերելու համար տղային ժամ առաջ ազատ արձակեն 6 երեխաների հորը: Վալոդի ազատության համար պայքարել է պետք ու ոչ  թե անտարբեր մնալ, այլապես կարելի է մտածել, որ նրան ճանաչողների ու ձայն չհանողների մոտ  երևի բարոյական խնդիրներ կան», – ասել է մեր զրուցակիցը:

Նա շեշտել է, թե այսօր Պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնող Սեյրան Օհանյանն ընդամենը ենթակա է ու կատարում է այն, ինչ իրեն պատվիրում են:

«Այս երկրում  մի մարդ կա, ով  նստած որոշում է ամեն ինչ, ու այդ մարդը Սերժ  Սարգսյանն է, ու, այսքանն իմանալով, բնականաբար, մեղադրում եմ Օհանյանին, քանի որ ինքը չէր կարող տեղյակ չլինել իր համակարգում տեղի ունեցածից ու նաև մեղադրում եմ այդ ամենին անտարբեր լինելու մեջ: Մի՞թե ինքը չգիտի՝ ով է Վալոդը, որ այսօր լռելյայն կատարում է վերևից իջեցված հրամանը», – ասել է ազատամարտիկը:

Հացպանյանը նաև ընդգծել է, թե բոլորը գիտեն՝ որտեղ է թաղված շան գլուխը, ու հենց այդ պատճառով է, որ Օհանյանն իր տեղում չէ:

«Ճիշտ կլիներ, որ Սեյրանը հրաժարական տար ու ասեր, թե ինքը չի թողնելու, որ իր մարտական ընկերոջը նման մեղադրանք առաջադրեն ու ձերբակալեն, կամ էլ  հակառակը՝  պատվեր իջեցնողներին ասեր՝ «ոչ, նման պատվեր չի կատարվելու»: Ինքը երկուսից և ոչ մեկն էլ չի արել, հենց դրա համար էլ այսօր ազատամարտիկները ամենախեղճուկրակ ու անապահով  խավն են ներկայացնում: Եթե Օհանյանը կարգին մարդ լիներ, այս երկրում գեթ մի ազատամարտիկ այսպիսի չքավոր վիճակում չէր լինի», – հայտարարել է Հացպանյանը և կարծիք հայտնել, թե մտահոգ  ու բարոյան խնդիր ունեցող  նախարարը իր հարստության կեսը ազատամարտիկներին տալով կարող էր  լուծել բոլորի սոցիալական խնդիրները:

Նշենք, որ  ազատամարտիկների խորհուրդը վաղը՝ ժամը 12.00-ին  բոլոր լրատվամիջոցներին  հրավիրում է բացօթյա ասուլիսի, որն  անցկացվելու է ակցիայի վայրում՝ Հանրապետության հրապարակում: Մեր թղթակցի հետ զրույցում ազատամարտիկները նշել են, որ հանդես են գալու շատ կարևոր հայրարարությամբ, ուստի կոչ են արել հատկապես հեռուստաընկերություններին ներկա գտնվել: