Home / Հայաստան / Կալանավորված գնդապետի համար պայքարողները դժգոհ են «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդումից

Կալանավորված գնդապետի համար պայքարողները դժգոհ են «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդումից

Արցախյան ազատամարտի մի քանի տասնյակ մասնակիցներ համարում են, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումը հատուկ նպատակ հետապնդող քայլ: Այս մասին ասված է ազատամարտիկների հայտարարության մեջ, որն իրենք այսօր Հանրապետության հրապարակում ներկայացրել են լրագրողներին:

Ազատամարտիկներն իրենց զորակցությունն են հայտնել Ավետիսյանին՝ նշելով, որ «իշխանությունները հատուկ հաշվարկել են իրենց քայլերն ու գնդապետին մեկուսացնելուց առաջ փորձել են պառակտել պայքարի դուրս եկած ազատամարտիկներին՝ նրանց միջև թշնամանք սերմանելով»: Հիշեցնենք, որ մայիսից սկսած ազատամարտիկների շարժումը պայքարում է սոցիալական խնդիրների լուծման, մասնավորապես, թոշակները բարձրացնելու և ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին անվճար բուժօգնություն տրամադրելու համար:

«Նպատակին չհասնելով՝ իշխանությունները  դիմեցին ավելի խիստ, անօրինական և անբարոյական միջոցների: Իրազեկում ենք, որ մենք չենք գնալու իրենց նրանց ցանկալի ճանապարհով. Ավետիսյանին սատարելուն զուգահեռ շարունակելու ենք պայքարը զոհված ազատամարտիկների և մեր զինակից ընկերների ու նրանց ընտանիքների համար արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովելու համար», – հայտարարել է ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը:

Նշենք, որ Ավետիսյանին ազատ արձակելու հայտարարությամբ են հանդես եկել նաև Գյումրիի, Վանաձորի, Ապարանի վետերան ազատամարտիկները:

Այսօրվա բացօթյա ասուլիսի մեկ այլ մասնակից ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն էլ նշել է, թե իրենց զայրացրել է «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» ծրագրի ընթացքում հնչեցրած «ոմն Վոլոդյա Ավետիսյան»  արտահայտությունը:

«Հիշեցնեմ, որ Վոլոդյան ոմն չէ, նա հերոս տղա է: Հետո էլ «Սուր անկյունը» կոչ է անում նրանց, ովքեր տուժել են «ոմն Ավետիսյանի» գործողություններից, դիմել էսինչին: Ես էլ հիմա կոչ եմ անում՝ ով տուժել է էսօրվա հանցավոր իշխանություններից, թող գան Հանրապետության հրապարակ, միանան Վոլոդյա ազնիվ մարդու ազատման պրոցեսին», – ասել է բանախոսը: