Home / Հայաստան / Վթարված շենքը փլուզման եզրին. քաղաքապետարանը դեռ քննարկում է՝ ում բնակարան տալ

Վթարված շենքը փլուզման եզրին. քաղաքապետարանը դեռ քննարկում է՝ ում բնակարան տալ

Սիսակյան 3 հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի առավել փլուզված հատվածի բնակիչները սանհանգույցից օգտվելիս ցանկացած պահի կարող են հայտնվել փլատակների տակ:

Այս մասին այսօր Еpress.am-ի թղթակցին պատմել են շենքի բնակիչներ Ասպրամ Հայրապետյանն ու Ամալյա Սարդարյանը:

Նրանք ահազանգել են, թե չորս օր շարունակ շենքի վնասված խողովակներով կոյուղաջրերը հոսում են պատերի մեջ, խոնավությունից պոկվում են դիմային քարերը, պատերի միջով հոսող ջրերի հետ եղած շինանյութը  դուրս է գալիս՝ «իսկ արձագանքող չկա ու չկա»:

Շուրջ 400 բնակիչ ունեցող շենքը 7-8 տարի շարունակ ամբողջությամբ գտնվում է կոյուղաջրերի մեջ, շենքի պատերի դիմաքարերը գրեթե ամեն օր պոկվում են՝ վտանգի մեջ պահելով թե՛ բնակիչներին, թե՛ երեխաներին:  

Բնակիչների խոսքով՝ պատասխանատու մարմինների՝ իրենց բնակարաններ տրամադրելու խոստումները չեն կատարվում, իսկ պանելներն ու պատերը խոստումներին չեն սպասում և շարունակում են փլվել:

Բնակիչների մի քանի բողոքի ակցիաների արդյունքում քաղաքապետարանում լսումներ են կազմակերպվել ու որոշում է կայացվել հարցը լուծել փուլային տարբերակով՝ «28 բնակարանի հարցը կլուծվի մինչև տարեվերջ, իսկ մյուս փուլը կլինի մեկ տարի անց»: 

Մեր զրուցակիցներն ընդգծել են, թե խնդիրը առավել խճճվել է այն ժամանակ, երբ փուլային մոտեցմամբ վերաբնակեցման հարցը հանձնվել է փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին:

«Նիկոյանը բոլորովին այլ ընթացք է տվել հարցին՝ առաջարկել է վիճակահանության մասին սկզբունքը: Վիճակահանության սկզբունքը ո՞րն է, այսինքն՝ այս տարբերակով համեմատաբար բարվոք տարածքի բնակիչներ կարող են վերաբնակեցման գնալ, իսկ մինչև ձմեռ առավել վթարված պատը չի դիմանա», – ասել է Հայրապետյանը:

Նա նշել  է, թե բնակիչների մի մասը  դեմ է վիճակահանության սկզբունքին և պատճառն այն է, որ շենքը երկու մուտք ունի և կա առավել վթարված կողմ, ինչի վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան գրություն է տվել՝ «դադարեցնել սանհանգույցների շահագործումը»:

«Այսինքն, եթե դադարեցնեն, ուրեմն պետք է վերաբնակեցում անեն», – պատմել է Հայրապետյանը:

Վերջինս առաջարկել է  հանել վիճակահանության տարբերակը, զոհերից ու անկանխատեսելի հետևանքներից  խուսափելու համար առաջին փուլով տարհանել առավել վթարված հարկի բնակիչներին:

«Նիկոյանն ասում է, որ քաղաքապետարանի առկա բնակֆոնդում կան 24-ից 28 բնակարաններ, ինչն էլ համապատասխանում է մեր շենքի տուժած հատվածում փաստացի ապրողների թվաքանակին», – ասել է Հայրապետյանը:

Բնակիչներին զայրացրել է այն հանգամանքը, որ քաղաքապետարանի  աշխատակիցը իրենց երեկ ուղարկել է Սեյսմիկ պաշտպանության ծառայություն և պահանջել համապատասխան գրություն ներկայացնել առավել վթարված հարկերի մասին:

«Գնում ենք Սեյսմիկ ծառայություն, այնտեղ մեզ մերժում են, մինչդեռ քաղաքապետարանը ունի լավագույն ճարտարապետներ ու մասնագետներ, որոնք կարող էին գալ, տեսնել ու տեղում որոշել այդ ամենը: Ամեն ինչ թողնում են բնակիչների վրաու դա ճիշտ չէ», – եզրաձակել է Հայրապետյանը: