Home / Հայաստան / 2013-ի համաներումը տարբերվում է նախորդներից. նախարար

2013-ի համաներումը տարբերվում է նախորդներից. նախարար

2013 թվականի համաներումը տարբերվում է նախորդներից ավելի մարդասիրական մոտեցմամբ. ընդյլայնվել է այն հոդվածների ցանկը, որոնց վրա համաներումը տարածվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով համաներման պայմանները: Այսպիսով՝ համաներումը կտարածվի նաև ծանր հանցագործություն կատարած անձանց վրա: Մասնավորապես, կկրճատվի նաև այն մարդկանց պատժաչափը, որոնք մեղադրվել են սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, թրաֆիքինգի կամ մարդու շահագործման, երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողությունների մեջ ներգրավելու հոդվածներով: Համաներումը տարածվելու է նրանց վրա, ովքեր նախկինում համաներում չեն ստացել և չարամտորեն պատժից փախնելու փորձեր չեն արել: 

Ըստ նախարարի՝ առաջին փուլում համաներմամբ ազատվելու է մոտ 500 դատապարտյալ: Նա նշել է, որ այլ թվեր հրապարակել չի կարող:

Թովմասյանի խոսքով՝ հայտարարաված նախորդ համաներումների ժամանակ ազատ է արձակվել 1056 հոգի, որոնցից հետո քրեական պատասխանատվության է ենթարկվել 51-ը:

«Մարդիկ հասկացել են այն մարդասիրական ակտը, որ երկրի բարձրագույն իշխանությունը իրականացրել են իրենց նկատմամբ: Ցանկալի կլիներ, որ այս հիսուն մեկն էլ, որոնք նորից քրեական պատասխանատվության են ենթարկվում, չլինեին, բայց, ընդհանուր առմամբ, ակտը ծառայել է իր նպատակին»:

Ըստ զեկուցողի՝ այս համաներման հիմնական նպատակը մարդասիրություն ցուցաբերելն է, սակայն այն նաև կօգնի մեղմել գերծանրաբեռնվածությունը քրեակատարողական հիմնարկներում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն էլ ասել է՝ «համաներումը վկայում է, որ մեր պետությունում կա ներողամտություն, հանդուժողականություն և քրիստոնեական արժեքներ»: