Home / Տեսանյութեր / Համաներումը պետք է անդրադառնար նաև ցմահ դատապարտյալներին. իրավապաշտպան

Համաներումը պետք է անդրադառնար նաև ցմահ դատապարտյալներին. իրավապաշտպան

Լավ կլիներ, որ, ինչպես ծանր հոդվածներով շատ դատապարտվածներին անդրադարձ եղավ համաներման նախագծով, այնպես էլ ցմահ դատապարտյալներին որևէ վերաբերմունք ցույց տրվեր: Խոսելով համաներման նախագծից՝ այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի ղեկավար, իրավապաշտպան Ռոբերտ Ռևազյանը:

«Խոսքը ցմահ դատապարտյալներին ազատելու մասին չէ, այլ վերաբերումնքի փոփոխության: Պետք է հասկանալ, որ նրանք էլ են հասարակության մաս:  Նրանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ պետք է շահագրգռված լինենք, քանի որ մեր երկրում նրանց նկատմամբ ճակատագրական որոշումներ նախկինում եղել են: Օրինակ՝ 2003 թվականին, երբ մենք վերացրեցինք մահապատիժը, նույն հրամանով մահապատժի ենթարկածների պատիժը փոխվեց ցմահ ազատազրկմամբ, ինչը նախագահը չէր կարող անել, պատիժ սահմանելը  դատարանի բացառիկ իրավունքն է», – ասել է Ռևազյանը:

Նա հիշեցրել է, որ ԼՂՀ-ում և Վրաստանում, օրինակ, մահապատժի վերացումը հանգեցրել է մինչ այդ մահապատժի դատապարտվածներին 15 տարվա ազատազրկման դատապարտելուն:

Ռևազյանը նշել է, որ համաներմամբ հնարավոր էր մեղմացնել պատիժը և, օրինակ, հանվեին որոշ ցմահ դատապարտվածների պատժին ավելացված պատիժները: Նման պատիժներն ավելացվում են, մասնավորապես, փախուստի փորձի համար:

«Ըստ օրենքի՝ 20 տարի ազատազրկումից հետո ցմահ դատապարտյալը կարող է դիմել վաղաժամ ազատվելու համար: Եթե մարդը կատարում է փախուստի փորձ կամ այլ արարք ՔԿՀ-ում, նրան 5 տարով ևս դատապարում են, և միայն 25 տարի բանտում անցկացնելուց հետո նա իրավունք է ունենում դիմելու վաղաժամ ազատման համար: Գոնե կարելի էր այդ ավելացված պատիժները վերացնել կամ կրճատել: Ցմահ դատապարտյալների հարցում բարդ է լուծման հանգել, ուստի հարցը նախ և առաջ վերաբերմունքն է, օգնելը, որպեսզի մարդը իրեն  հասարակության մաս զգա»,- ասել է Ռևազյանը:

Հիշեցնենք, որ համաներումը կտարածվի նաև ծանր հանցագործություն կատարած անձանց վրա: Մասնավորապես, կկրճատվի նաև այն մարդկանց պատժաչափը, որոնք մեղադրվել են սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, թրաֆիքինգի կամ մարդու շահագործման, երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողությունների մեջ ներգրավելու հոդվածներով: