Home / Հայաստան / ԱԺ-ում միաձայն ընդունեցին համաներման մասին որոշումը

ԱԺ-ում միաձայն ընդունեցին համաներման մասին որոշումը

Ազգային ժողովն այսօր միաձայն՝ 102 «կողմ» ձայներով, ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշումը: Այն կկիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ: Որոշումը պետք է ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանի կողմից ստորագրվի և հրապարակվի 24 ժամվա ընթացքում, որից հետո կսկսվի դատապարտյալների ազատ արձակման գործընթացը:

Այսօրվա նիստին ներկայացնելով որոշման վերջնական տեքստը՝ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ նախորդ գիշերն իր համար ամենադժվարին գիշերներից մեկն է եղել:

«Նույն հոգեվիճակում էի, ինչ դատավորները՝ դատավճիռ կայացնելիս, թեև հասկանալի է, որ մենք արդարադատություն չենք իրականացնում»,- ասել է նախարարը:

Նա նկատել է, որ սա առաջին դեպքն էր, որ պատգամավորների հետ քննարկման ժամանակ վերջիններիս առաջարկներն ավելի շատ ուղղված էին խստացնելուն, քան մեղմացնելուն։

«Մարդասիրության զուգահեռ՝ մենք հասկանում ենք արարքների հասարակության համար վտանգավորության չափը և ազատ արձակելու գինը»,- նշել է Թովմասյանը։

Հիշեցնենք, որ համաներմամբ ազատ է արձակվելու քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը: