Home / Տեսանյութեր / Ինչո՞ւ կառավարությունը պատգամավորին չի տրամադրում գազի գնի բարձրացման պայմանագիրը

Ինչո՞ւ կառավարությունը պատգամավորին չի տրամադրում գազի գնի բարձրացման պայմանագիրը

Կամ գազի գնի բարձրացման մասին պայմանագրում «վատ բաներ են գրված», որոնք իշխանությունները համառորեն թաքցնում են, կամ իրոք, ինչպես ասաց վարչապետը, նման պայմանագիր չկա և մեր ժողովրդին թալանում են:

Այս մասին այսօր ԱԺ-ում, անդրադառնալով գազի գնի փոփոխության պայմանագիրն իրեն չտրամադրելու Կառավարության որոշմանը, հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Չորեքշաբթի օրը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Արամ Մանուկյանը չորրորդ անգամ է պահանջել պայմանագիրը: Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ նման պայմանագիր դեռ չկա:

Պատգամավորի խոսքով՝ վարչապետը նիստից հետո 10 րոպե փորձել է բացատրել՝ ինչպես է գինը բարձրացել առանց պայամանգրի, ինչը, ըստ Մանուկյանի, տարօրինակ է թվացել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Պատգամավորը հիշեցրել է, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այլ բան էր ասել, մասնավորապես, նշելով, որ պայամանգիրը կնքվել է մարտի 1-ին:

ԱԺ-ում կայացած զրույցից մեկ օր անց Տիգրան Սարգսյանը զանգահարել է Արամ Մանուկյանին: Վերջինիս խոսքով՝ այս անգամ վարչապետը նշել է, որ պայմանագիր կա երկու սուբյեկտի միջև՝ ռուսասաստանյան կողմի և «Հայռուսգազարդ»-ի:

Մանուկյանն այսօր հիշեցրել է, որ «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոսի բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է, ուստի Կառավարութունը չի կարող տեղեկատվություն չունենալ:

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակից Գարեգին Բաղրամյանը Epress.am-ի հետ զրույցում նույնպես ասել է, որ առանց պայմանագրի գազի գինը չէր կարող փոխվել: 

Նրա խոսքով՝ պայմանագիր կա, այն կոնֆիդենցիալ է և այդ պատճառով չի կարող տրամադրվել պատգամավորների հարցման դեպքում: Սակայն դրա հավելվածը, որում գնային փոփոխությունների մասին տեղեկատվությունը կա, տարածվել է ԶԼՄ-ներով:

ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը Epress.am-ի հետ զրույցում, նույն հարցը մեկնաբանելով, ասել է, որ պայմանագիրը չի կարող հրապարակվել, քանի որ գտնվում է «աշխատանքային պրոցեսում»:

«Պարոն Մանուկյանին թվում է, որ եթե պայմանագիր չի կնքվում, Ռուսաստանը գազը պտի կտրեր: Մենք դեռևս խնդիրներ ունենք էդ պայմանագրի հետ կապված, դրա համար էլ բանակցությունները շարունակվում են: Փորձ ենք կատարում մեղմացնել իրավիճակը: Գնայինք այլ ճանապարհով, գազը կկտրեին, նոր մտածեինք  պայմանագրերի մասին: Եթե պայմանագիրը լինի, Կառավարության կայքում կդրվի: Աշխատանքային գործընթացներին պարտավոր չեն տեղյակ պահել»,-ասել է Գալուստ Սահակյանը: