Home / Հայաստան / Վոլոդյա Ավետիսյանի՝ համաներումից հրաժարվելու մասին զրույցներ չկան. փաստաբան

Վոլոդյա Ավետիսյանի՝ համաներումից հրաժարվելու մասին զրույցներ չկան. փաստաբան

Ձերբակալված պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի՝  համաներումից հրաժարվելու մասին որևէ խոսակցություն, անգամ ակնարկ չկա ու չի եղել: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է Ավետիսյանի փաստաբան Վարուժան Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Ավետիսյանը ազատամարտիկների պայքարի ղեկավարներից էր, նա մեղադրվում է խարդախության մեջ: Ավելի վաղ տարածած հայտարարության մեջ Ավետիսյանը նշել էր, որ իրեն հետապդնում են իր գործունեության համար, իսկ մեղադրանքը շինծու է:

«Միգուցե ինչ-որ մարդիկ շշուկներ տարածել են, բայց դա հիմք չունի: Վերջին անգամ ես Վոլոդյային տեսել եմ 2 օր առաջ, բայց ինքը նման բան չի ասել: Համենայնդեպս, մեր՝ փաստաբանների ու նրա միջև այդպիսի թեմա չի քննարկվել: Թե հետո ի՞նչ կլինի, ասել չեմ կարող», – նշել է փաստաբանը:

Նշենք, որ երեկ Еpress.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն ասել է, թե ինքը կհրաժարվեր ու դեմ կլիներ համաներմանը:

«Ի՞նչ է նշանակում՝ ձերբակալել ու հետո ասել, թե համաներմամբ ազատվեց, մինչդեռ այդ պիտակը նրա վրա մնալու է ամբողջ կյանքում: Թող քննությունը  տանեն մինչև վերջ, հետո հրապարակավ ներողություն խնդրեն ու վճարեն բարոյական վնասի դիմաց», – ասել էր Մելիքբեկյանը: