Home / Հայաստան / Տիգրան Առաքելյանին այսօր ազատ չարձակեցին. դատական նիստն ավարտվեց

Տիգրան Առաքելյանին այսօր ազատ չարձակեցին. դատական նիստն ավարտվեց

14:00 Քաղբանտարկյալ, ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործով հերթական դատական նիստն ավարտվեց: Նիստի ընթացքում համաներման մասին չի խոսվել: Դատական նիստի մանրամասները՝ քիչ անց:

12:00 Վերաքննիչ դատարանում կայանալիք այսօրվա դատական նիստից Առաքելյանի համակիրները ներկայացել էին նույնանման շապիկներով, որոնց վրա գրված էր «Ազատություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին»:

Այն պահին, երբ ակտիվիստին ներս են բերել դատարանի դահլիճ, ներկաները սկսել են վանկարկել «Ազատություն, ազատություն», ինչպես նաև շապիկներից մեկը տվել են Առաքելյանին:

Ներկաները նկատել են, որ առաջին անգամ դատավարության ընթացքում դահլիճում ներկա են «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունների օպերատորները: Առաքելյանի համակիրները, ինչպես նաև լրագրողները դրանից հետևություն են արել, թե քաղբանտարկյալի կարող են ազատել այսօր:

Դատավոր Եվա Դարբինյանը կարող է համաներում կիրառել և Առաքելյանին ազատել դատարանի դահլիճից, սակայն դատավորը կարող է պահել բոլոր ընթացակարգերը, ինչը տեսականորեն կարող է տևել մինչև դեկտեմբերի 25-ը:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել Կարապի լճի մոտ 2011-ի օգոստոսին տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Առաքելյանը և նրա պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են գործում առկա խախտումների մասին: