Home / Հայաստան / Քաղաքական ուժերը պետք է Կոստանյանին լուրջ հարցադրումներ անեին. իրավապաշտպան

Քաղաքական ուժերը պետք է Կոստանյանին լուրջ հարցադրումներ անեին. իրավապաշտպան

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի նշանակման հետ կապված՝ մի շատ կարևոր փաստ դուրս է մնացել հանրային ուշադրությունից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է Աղվան Հովսեփյանին և այդ ժամանակ էլ որոշվել է, որ Հովսեփյանն այլևս չի առաջադրվելու, չնայած դրա հնարավորությունն ուներ:

«Մենք չտեսանք, որ Հովսեփյանն իր հրաժեշտի հանդիպումն ունենա ԱԺ-ի հետ: Ենթադրվում էր, որ մարդը, ավարտելով իր պաշտոնավարման ժամկետը, պետք է հաշվետվություն ներկայացներ ԱԺ, թե իր հաստատումից հետո ինչպիսի՞ն է եղել իր  գործունեությունը», – ասել է բանախոսը:

Սաքունցը նշել է՝ որքան անտեսված է եղել այդ թեման, այնքան մեծ աղմուկ է բարձրացրել քվեարկության արդյունքների հետ կապված խնդիրը:

«Տարօրինակ էր այն, որ տարբեր քաղաքական ուժերը շատ լոյալ էին: Գևորգ  Կոստանյանը երկու տարվա ընթացքում որևէ ակնառու փաստով աչքի չընկավ, չնկատեցինք, որ որպես զինդատախազ արմատական բեկում մտցներ զինված ուժերում մահացությունների, սպանությունների դեպքերով քննությունների ընթացքի մեջ ու քաղաքական ուժերը անգամ դրան չանդրադարձան», -ասել է իրավապաշտպանը:

Բանախոսը ընդգծել է, թե գլխավոր դատախազ է նշանակվում մի անձ, ով երկու տարվա փորձառություն ունի, մինչ այդ հանդիսացել է Հայաստանի ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որին դիմում են ՀՀ քաղաքացիները՝ պահանջելով վերականգնել Հայաստանում իրենց խախտված իրավունքները:

«Այսինքն՝ ինքը շարունակել է պաշտպանել պետության շահերը ու, ըստ էության, ներկայացել է որպես խախտված իրավունքների դեմ հանդես եկող մարդ: Փաստորեն, այս անձը մարդու իրավունքների խախտումը պաշտպանողի դերում է հանդես եկել այսքան տարի ու վստահ եմ, որ նման մարդուն գլխավոր դատախազ  նշանակելը տարօրինակ էր: Որևէ քաղաքական ուժ այս հանգամանքները հաշվի չառավ, փոխարենը 3 դեմ ձայնի հանգամանքն էր աղմուկ հանել», – ասել է իրավապաշտպանը:

Նա նշել է, թե Կոստանյանի նախորդ գործունեության հետ կապված՝ քաղաքական ուժերը պետք է լուրջ ու հստակ հարցադրումներ ունենային: