Home / Հայաստան / Ինչո՞ւ հիվանդները չեն կարող թմրադեղ ստանալ. Հայաստանում կներկայացնեն «Ցավի հաղթահարում»-ը

Ինչո՞ւ հիվանդները չեն կարող թմրադեղ ստանալ. Հայաստանում կներկայացնեն «Ցավի հաղթահարում»-ը

Հայաստանում հազարավոր մարդիկ տառապում են քաղցկեղից և կյանքի տևողությունը սահամանափակող այլ հիվանդություններից: Ցավամոքիչ մորֆինի սահմանափակ մատչելիության և հաբերով մորֆինի բացակայության պատճառով՝ կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող մարդիկ ստիպված են հաճախ տառապել ցավից:

Ցավը և մահը անխուսափելի երևույթներ են, սակայն մարդու բացառիկ իրավունքն է հնարավություն ունենալ անհրաժեշտության դեպքում պալիատիվ խնամք ստանալ և օգտվել ցավը մեղմացնող բուժամիջոցներից: Հանրությունը պարտավոր է հարգել և ապահովել պալիատիվ խնամքի կարիք ունեցող մարդու իրավունքը և նրան արժանապատիվ կյանք վարելու հնարավություն տալ: Այս մասին ասված է հայաստանյան և միջազգային մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև անհատների և մի խումբ մասնագետների դաշինքի հայտարարության մեջ, ովքեր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ մի շարք միջացառումներ են նախատեսում «Ցավի հաղթահարում» ծրագրի շրջանակում: Դրանք կազմակերպվում են հոկտեմբերի 12-ին նշվող Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օրվա կապակցությամբ:

«Հարց է ծագում՝ ինչու հիվանդները պատշաճ կերպով չեն բուժվում և շարունակում են տառապել սաստիկ ցավերից: Հավանաբար, խնդիրը ոչ թե բժիշկների անգթությունն է և ոչ էլ այնքան նրանց գիտելիքների և փորձառության բացակայությունը: Ամբողջ խնդիրը թմրադեղերի վերաբերյալ ձևավորված կարծրատիպն է և վախը, որ այդ միջոցների նշանակման պատճառով կարող է ավելանալ թմրանյութ օգտագործող մարդկանց թիվը: Հասարակության մեջ ձևավորված է օփիոֆոբիա (թմրավախություն): Իհարկե, չի կարելի բացառել այդ հնարավորությունը, բայց  դրանք աչքի կաթիլ են նարկոտրաֆիկի հսկայական քանակների համեմատ: Այդ իսկ պատճառով ուժային կառույցները շատ մանրազննին ստուգում են բուժհաստատություններն ու բուժաշխատողներին: Հետվիրահատական շրջանում մեկ ներարկում անելու համար բազմաթիվ մատյաններ և տեղեկանքներ են լրացվում: Այդ ներարկումը կարելի է իրականացնել միայն բժիշկի ներկայությամբ: Այնուհետև բազմաթիվ նշումներ են արվում տարբեր փաստաթղթերում և այլն և այլն, հրավիրվում հանձնաժողովներ սրվակները ոչնցացնելու համար, իսկ թմրանյութ օգտագործող մարդիկ ինչպես ձեռք էին բերում թմրադեղերը, այդպես էլ շարունակում են: Իսկ այն հիվանդը, որը սաստիկ տառապում էր ցավերից այդպես էլ մնում է առանց ցավազրկման: Դա անընդունելի է», – նշում են հայտարարության հեղինակները stopthepain.am կայքում:

Միջոցառումների ցանկը.

– Հոկտեմբերի 11-ին մամուլի ասուլիս Երևանում /Մեդիա կենտրոն, ժամը 12:00–ին/ և հեռուստաեթեր Վանաձորում, որտեղ ելույթ կունենան տարբեր մասնագետներ և կներկայացնեն խնդրի կարևորությունը և հետագա անելիքները:

– Հոկտեմբերի 12-ին` ժամը 14:00-ին ֆիլմի ցուցադրություն և քննարկում «Կոնգրես» հյուրանոցում: Ֆիլմը գեղարվեստական է, պատմում է մեծահասակ զույգի սիրո պատմության մասին և նվիրված է պալիատիվ խնամքի հիմնախնդրին: Ֆիլմը ռուսերեն է, անգլերեն ենթատեքստով:

– Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-18:00-ը տեղի կունենա տեղեկատվական միջոցառում Երևանի Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների հատման կետում, որտեղ կբաժանվեն թեմատիկ բրոշյուրներ, անցորդներին կներկայացվի օրվա կարևորությունը, կհրավիրվի երգչախումբ, որը դասական երաժշտության համարներով ելույթ կունենա միջոցառման ընթացքում, ինչպես նաև կտեղադրվի «ցավի աթոռը»` որպես տանջանքի և ցավի խորհրդանիշ:

Նախաձեռնությանը միացած կազմակերպություններն են՝ Միջազգային պալիատիվ օգնության նախաձեռնություն, Հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիա ՀԿ, Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ, Իրական աշխարհ-իրական մարդիկ ՀԿ, Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն ՀԿ, Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ: