Home / Հայաստան / Ընդդիմադիր թեկնածուն պահանջել է Ադրբեջանում նոր ընտրություններ անցկացնել

Ընդդիմադիր թեկնածուն պահանջել է Ադրբեջանում նոր ընտրություններ անցկացնել

Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին պահանջել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքներն ու նոր ընտրություններ անցկացնել՝ ընտրակեղծիքների հետ կապված: Այս մասին Հասանլին հայտարարել է այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Contact.az-ը:

Նրա խոսքով՝ կեղծարարության մասշտաբներն այնքան մեծ են, որ ժողովրդի իրական կամքը հաստատելն անհնար է:

Քվեարկության ընթացքում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչները, տեղական իշխանությունները, բյուջետային կազմակերպությունների աշխատակիցները զանգվածային կերպով խախտել են օրենքը՝ այսպես կոչված «կարուսելներ» անկացնելով, ավելի քան մեկ անգամ քվեարկելու հնարավորություն ստեղծելով ու մի շարք այլ ընտրակեղծիքներ իրականացնելով:

Ընտրատարածքների մեծ մասում դիտորդներին քվեարկության արդյունքների մասին արձանագրություններ չեն տրամադրվել:

Հասանլիի խոսքով՝ երկրում հերթական անգամ իշխանության բռնազավթման գործընթաց է տեղի ունեցել:

«Ըստ Սահմանադրության 1-ին հոդվածի՝ իշխանության աղբյուրը ժողովուրդն է: Երեկ Ադրբեջանի ժողովուրդը, սակայն, փաստորեն չկարողացավ օգտագործել իր այդ իրավունքն ու զրկվեց իր իշխանությունը ձևավորելու հնարավորությունից»,- ասել է Հասանլին:

Միևնույն ժամանակ, Հասանլին անդրաձարձել է Սահմանադրության 6-րդ՝ «իշխանության յուրացման անթույլատրելիության» մասին հոդվածին. «Իրականում, երեկ իշխանությունը յուրացվել է մեկ կուսակցության ու մարդկանց մեկ խմբի կողմից, ինչը ժողովրդի դեմ ամենածանր հանցագործություններից է: Փաստորեն, Իլհամ Ալիևը յուրացրեց իշխանությունը»:

Հասանլիի խոսքով՝ ընտրական շտաբը դիմել է դատարան ու պահանջել չեղյալ համարել ընտրությունների արդյունքները՝ կեղծարարությունների ու ընտրակեղծիքների հետ կապված:

«Ընտրությունները պայքարի վերջը չեն»,- ասել է Հասանլին՝ նշելով, որ իրենք պայքարելու են նաև բողոքի խաղաղ ցույցերի միջոցով: Հոկտեմբերի 12-ին կայանալիք հավաքի մասին որոշումը ուժի մեջ է, սակայն Բաքվի քաղաքապետարանը դեռևս չի պատասխանել ԺՈՒԱԽ-ի դիմումին: