Home / Տեսանյութեր / «Դատում են մեքենայում շնչելու համար». «խոտի դեզ»-ի գործով ամբաստանյալների ցուցմունքը

«Դատում են մեքենայում շնչելու համար». «խոտի դեզ»-ի գործով ամբաստանյալների ցուցմունքը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ հարցաքննվել են խոտի դեզի գործով բոլոր ամբաստանյալները: Ռոբերտ Փիլոյանը և Արամ Մուղալյանն ասել են, որ երկու անգամ են եղել Արմավիրիր մարզում. առաջին անգամ՝ հունվարին, այցելել են Սարդարապատի հուշահամալիր, նկարվել են և հետ են վերադարձել: Երկրորդ անգամ գնացել են մարտի 29-ին, սակայն Արմավիր քաղաք այդպես էլ չեն հասել, այլ ճանապարհին մեքենա են քշել և վերադարձել Երևան:

Այդ անգամ տղաները երկու անգամ իջել են բնական կարիքները հոգալու, ընդ որում՝ մի անգամ միայն Արամ Մուղալյանն է իջել: Նրա ցուցունքի համաձայն՝  դա անելու համար մեքենան  կանգնեցրել են ամայի վայրում՝ բնակելի տարածքում, որտեղ կենդանի շունչ չկար:

Ամբաստանյալ Գագիկ Առաքելյանն իր ցուցմունքում ասել է, որ միայն մարտի 29-ին  է գնացել տղաների հետ Արմավիրի մարզ և մեքենայից առհասարակ դուրս չի եկել:

«Ինձ դատում են միայն մեքենայի մեջ նստելու ու շնչելու համար: Ինձ մոտ արդեն նենց տպավորություն է, որ մարշրուտնի նստեմ, հանկարծ մարշուտնու շոֆերը իջնի խանութ, պետք է հետը իջնեմ պարտադիր, որովհետև կարող է մի բան անի, իրա հետ ես էլ գամ, նստեմ»,- ասել է Առաքելյանը:

Արամ Մուղալյանը և Ռոբերտ Փիլոյանը հրաժարվել են դատախազի հարցեին պատասխանել, քանի որ, ըստ նրանց, մեղադրող կողմն անկողմնակալ չէ, ինչի մասին է վկայում իրենց անօրինական կալանքի տակ պահելը:

Ռոբերտ Փիլոյանը ցուցմունք տալու ժամանակ վատ է զգացել, նրան բժշկական օգնություն են ցույց տվել, որից հետո նիստը շարունակվել է:  Հիշեցնենք, որ նա ունի սրտի հետ կապված խնդիրներ. բժշկի եզրակացության վրա հիմնվելով՝ միջնորդել է իր նկատմամբ կալանքի որոշումը վերացնել, սակայն դատավորը չի բավարարել միջնորդությունը:

Նիստին պաշտպանական կողմը հանդես է եկելմիջնորդություններով: Փիլոյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանը միջնորդել էր  ապացույցների շարքից հանել մեքենայի համալիր փորձաքննութան արդյուքնում ձեռք բերված ապացույցները, քանի որ դրանք, ըստ փաստաբանի, անօրինական են. մինչ քննությունը մեքենայի դռները բացվել են, չի բացառվում, որ մեքեայի մեջ  իրեր են դրվել: Դավթյանը նաև մեջբերել է տուժող Սիաբանդ Խուդոյանի ցուցմունքը այն մասին, որ իր տան մոտ մարտի 29-ին երկու մարդ է տեսել, մինչդեռ այդ օրը Մուղալյանը եղել է երկու ընկերների հետ՝ երեքով:

Ըստ պաշտպանի՝ Խուդոյանի ցուցմունքները վկայում են նաև, որ փորձաքննության տարված խոտը չի կարող ապացույց համարվել: «Տուժողն ասել է, որ վառված խոտի մնացած մասը անասունները կերել են, և ինքը  այլ դեզից մի քիչ խոտ կտա՝ քննության համար»,- ասել է Դավթյանը:

Արամ Մուղալյանի պաշտպանն էլ միջնորդել է ոչ օրինական ճանաչել կատարված հետաքննությունը, քանի որ հետաքննողը փաստացի խուզարկություն է իրականացրել, ինչը քննիչի լիազորությունների մեջ է մտնում:

Նշենք, որ այս նիստին ևս տուժող Սիաբանդ Խուդոյանը չէր ներկայացել:

Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 14-ին: