Home / Տեսանյութեր / Բալայանի նամակով փորձում են ուշադրությունը շեղել կարևոր խնդրից. կարծիք

Բալայանի նամակով փորձում են ուշադրությունը շեղել կարևոր խնդրից. կարծիք

Հրապարակախոս Զորի Բալայանը նամակը Պուտինին չնչին բան է, եթե համեմատենք նրա հետ, ինչ Սերժ Սարգսյանն արեց սեպտեմբերի 3-ին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ասպարեզ» Ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը (լուսանկարում): Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը:

Այն հարցին, թե ինչու է Բալայանը հիմա հանդես գալիս Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանին միացնելու կոչով, Լևոն Բարսեղյանն ասել է, որ ունի վարկած, թե նման բան անել հրապարակախոսին խնդրել են նախագահականից:

«Երևի փորձում են մոռացնել տալ այն խայտառակ խուլիգանությունը, որ խաղաց Սերժ Սարգսյանը՝ երեք ու կես տարի մեկի հետ բանակցելով, հետո՝ մյուսի գիրկը նետվելով: Մտածել են՝ Զորի Բալայանի նամակով կշեղեն ուշադրությունը, մարդկանց ուշք ու միտքը այդ նամակին կդարձվի: Կամ մեկը հուշել է, որ Զորի Բալայանը նոր ճամփորդության փող ստանալու համար մի նման բան պետք է աներ», – ասել է  Բարսեղյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ դժվար է բացատրել Բալայանի առաջարկը այլ կերպ, հաշվի առնելով, որ Նա ականատեսը և մասնակիցն է եղել անկախացմանը, Ղարաբաղի ազատագրմանը:

«Ռուսաստանապաշտությունը նորություն չէ մեզ մոտ, սակայն այս աստիճանի վիրավորել պետության, քաղաքացիների արժանապատվությունը, չէի պատկերացնի: Երևի Բալայանը ծաղկավոր խալաթ է նվեր ստացել Ռուսաստանից: Չեմ կարող որևէ կերպ բացատրել»,- ասել է Բարսեղյանը:

Նշենք, որ հուլիսի 13-ին Պոդոլկսի մոտ հայաստանցի վարորդ Հրաչյա  Հարությունյանի վարած «Կամազի» արգելակները շարքից դուրս են եկել, բեռնատարը կողաշրջվել է և հարվածել ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են: Հարությունյանն ինքն էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Նրան այդ վիճակում անմիջապես հիվանդանոցից կնոջ ծաղկավոր խալաթով դատարանի դահլիճ էին բերել, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիաների պատճառ էր դարձել: