Home / Հայաստան / ԵՄ-Հայաստան հարաբերությունների շուրջ ստեղծված վիճակը բարդ է. չեխ դիվանագետ

ԵՄ-Հայաստան հարաբերությունների շուրջ ստեղծված վիճակը բարդ է. չեխ դիվանագետ

Արևելյան գործընկերության ծրագիրը նախաձեռնած երկրներից մեկի՝ Չեխիայի արտգործնախարարության հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը «բարդ» է որակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կասկած հայտնելով, որ պաշտոնական Երևանին կհաջողվի նոյեմբերին թեկուզ որևէ հռչակագիր ստորագրել Վիլնյուսում: Այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Ես վստահ չեմ՝ կլինի արդյոք Հայաստանի մասով առանձին փաստաթուղթ, դրա համար աշխատել է պետք, մեզ ժամանակ է անհրաժեշտ: Ավելի շուտ ես ակնկալում եմ, որ Վիլնյուսի գագաթաժողովից հետո ինչ-որ փաստաթուղթ կհայտնվի սեղանին: Ինքներդ էլ հասկանում եք՝ իրավիճակը բարդ է: Առաջին անգամն է, որ մենք փնտրում ենք մի հարցի պատասխան․ ի՞նչ անել, երբ մի պետություն որոշում է Մաքսային միություն մտնել՝ միաժամանակ արդեն պատրաստ լինելով ստորագրել Ասոցիացման համաձայնագիրը», – մանրամասնել է Մարեշը: 

Միաժամանակ, Արևելյան գործընկերության հարցերով դեսպանորդը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են առարկայական մասնակցություն ունենալ Վիլնյուսի գագաթաժողովին: Հիշեցնենք, որ նախօրեին Լիտվայի պաշտոնական աղբյուրները հաղորդեցին, որ Հայաստանը Վիլնյուսում ներկայացնելու է նախագահ Սերժ Սարգսյանը: 

«Շատ կարևոր է, որ նա մասնակցելու է այդ գագաթաժողովին, որովհետև պետք է ցույց տալ, որ Հայաստանը ցանկանում է շարունակել Եվրամիության հետ համագործակցությունը ինչ-որ իմաստով: Մեր կողմից էլ՝ կա այդ շահագրգռվածությունը, բայց թե ի՞նչ կբերի Վիլնյուս Հայաստանի նախագահը, մենք չգիտենք, այդ հարցը ես կարող էի Ձեզ ուղղել»,- հայտարարել է Պետր Մարեշը:

Չեխ դիվանագետի համոզմամբ, ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի հետ իսկապես կարող էր էական ազդեցություն ունենալ, որպեսզի Հայաստանը այսքան կտրուկ փոխեր արտաքին քաղաքական գիծը:

«Անձամբ ինձ թվում է, որ դա կախված է անվտանգության հարցերի հետ: Այստեղ ավանդույթ կա՝ այս ոլորտում հենվել Ռուսաստանի հետ համագործակցության վրա, և Եվրամիության համար շատ բարդ է դիրքորոշում հայտնել: Դա պետք է հայերը որոշեն», – նշեց Պետր Մարեշը:

Պատասխանելով Մոսկվայի կողմից բանեցվող ճնշումների մասին հարցին՝ չեխ դիվանագետը արձագանքել է, թե որևէ մեկը չի կասկածում, որ այդպիսիք եղել են․ «Բայց թե ի՞նչ աստիճանի ճնշումների մասին է խոսքը, հարցրեք նախագահին»:

Լուսանկարը՝ azatutyun.am