Home / Հայաստան / Հային՝ խալաթ, ադրբեջանցուն` ուղղաթիռ և նախարարի հայացք

Հային՝ խալաթ, ադրբեջանցուն` ուղղաթիռ և նախարարի հայացք

… Իսկ երբ եկան իմ հետևից, ոչ ոք չէր մնացել

Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովի ձերբակալությունը ռուսաստանցի մեկնաբանները համեմատում են Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողության հետ: Զեյնալովը մեղադրվում է Մոսկվայում 25-ամյա ՌԴ քաղաքացի Եգոր Շչերբակովի սպանության մեջ: Նախորդ դեպքը, երբ ուժայինները չափազանց նվաստացուցիչ վերաբերմունք էին դրսևորել ներգաղթյալի վերաբերյալ, գրանցվել էր հուլիսին՝ հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանին կնոջ խալաթով դատարան էին բերել: Նա ընդունել էր իր մեղքը Պոդոլսկի մոտ տեղի ունեցած վթարի հետ կապված:

Սարսափելի վթարից հետո, որը 18 մարդու կյանք էր խլել, Հարությունյանը ուղեղի ցնցում և կոտրվածքներ էր ստացել, վնասել էր կրծքավանդակը: Բոտկինի անվան  հիվանդանոցում բժիշկները նրանց արհետսական կոմայի վիճակի էին բերել, որից հետո 46-ամյա Հարությունյանը ռեանիմբիլով տեղափոխվել էր դատարանի դահլիճ կնոջ գունեղ խալաթով: Դատարանի դահլիճում Հարությունյանը փորձում էր դեմքը թաքցնել տեսախցիկներից և արտասվում էր: Ռուսաստանյան մամուլում նրան անվանում էին «հայ վարորդ» և նշում էին, որ «մեղադրյալը բառաչում է՝ հարցերին պատասխանելու փոխարեն», մինչդեռ Հարությունյանը քննիչների պահանջով բժիշկների կողմից դուրս էր բերվել արհեստական քնից:

Այժմ ռուսաստանյան հեռուստատեսությունը Շչերբակովի սպանությունը ներկայացնում է որպես հերթական առիթ Կովկասից և Միջին Ասիայից գաղթածների դեմ ատելության քարոզչություն սկսելու համար: ԶԼՄ-ները տարածում են այն տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները հրապարակավ՝ տեսախցիկների առջև ծեծի ենթարկում կասկածյալ Օրհան Զեյնալովին, ով չէր դիմադրում:

Հետո ադրբեջանցու ձեռքերը ոլորած հրում են մեքենայի մեջ, թույլ չեն տալիս նստատեղին նստել, գցում են հատակին, ապա նույնկերպ ուղղաթիռով նրան հասցնում էն ՌԴ ՆԳՆ: Զեյնալովի մազերից են քաշում, որպեսզի գլխավոր ոստիկանը նրա աչքերին նայի: Դրանից հետո հայտարարում են, որ Զեյնալովը արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել:

Զեյնալովի ծնողները «Ազատություն» ռադիոկայանին պատմել են, որ ինքը զանգել է տուն և, խոսելով այն մասին, որ իր անունը հնչեցվում է մամուլում, ասել է, թե կգնա ոստիկանություն և կհարթի խնդիրը: Բիրուլյովոյի (որտեղ կատարվել է սպանությունը) գտնվող բանջարեղենի բազայում աշխատող Ալի Մամեդովը, ներկայացել է որպես Զեյնալովի համագյուղացի, արդեն հայտարարել է, որ Շչերբակովը ինքն է սադրել: Մամեդովի խոսքով՝ Զեյնալովը քայլում էր ընկերուհու հետ, երբ երիտասարդը, ով նախկինում էր հանդիպում այդ աղջկա հետ, վիճաբանություն է սկսել, որի հետևանքով էլ սպանությունը տեղի է ունեցել:

Բացի ռուսաստանցի համացանցային լիբերալներից, ՌԴ ուժային կառույցների և նրանց հրահանգողների գործողությունները քննադատել են ադրբեջանցի իրավապաշտպաններն ու դիվանագետները: Նրանք պաշտպանել են յուրայինին: Ու չնայած Ռուսաստանում «սևերին» ընտրովի չեն վերաբերվում, այլ կովասյան կամ միջինասիական երկրների ներկայացուցիչների ձայնը լսելի չէ: ՌԴ-ում գործող Ոչ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները նույնպես խուսափում են հրապարակային մեկնաբանություններից:

Երբ Հայաստանում երեք ամիս առաջ մարդիկ դուրս էին գալիս՝ բողոքի ձայն բարձրացնելու ՌԴ դեսպանության առջև, դա նույնպես պայքար էր յուրայինի համար: Այն ժամանակ Երևանում մի քանի տասնյակ մարդ, այդ թվում նաև իրավապաշտպաններ, բլոգերներ ու հասարակաան գործիչներ բողոքում էին, ասում էին, որ Հարությունյանին վերաբերվում են այնպես, ինչպես Կրեմլն է վերաբերվում Հայաստանին:

Բողոքի ակցիայի մասնակիցները ձեռքերում «ՌԴ Սահմանադրություն, հոդված 21. արժանապատվության իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է՝ չի՞ գործում հայ վարորդների համար» գրությամբ պաստառ էին պահել: Այժմ հայաստանյան կայքերն ըմբոխշնում են լուրը, որ Զեյնալովը ընդունել է իր մեղքը և «հանկարծ մոռացել է ռուսերենը»: