Home / Հայաստան / Պաշտոնյայի որդու ընկերությունը մենաշնորհել է տրանսպորտի արտաքին գովազդի ոլորտը

Պաշտոնյայի որդու ընկերությունը մենաշնորհել է տրանսպորտի արտաքին գովազդի ոլորտը

Հայաստանում տիրող ամենաթողության պատճառները գալիս են իշխանությունների բարձիթողի վիճակից: Գրեթե բոլոր բնագավառներում իշխող ոչ ճիշտ կառավարման մեխանիզմն ու ամեն քայլափոխի հանդիպող անարդարությունները հանգեցնում են նրան, որ մարդիկ հիասթափված բռնեն օտարության ճանապարհը: 

Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել շուրջ 4 տարի հայաստանյան շուկայում գործունեություն ծավալած «Գովել» գովազդային գործակալության նախկին տնօրենը, ում գործունեությունը դադարեցվել է մեկ տարի առաջ՝ շուկայում նոր մրցակցի հայտնվելուց հետո:

Մեր զրուցակիցը, ով խնդրել է չհրապարակել իր անունը, ընդգծել է, թե իրենց օրինակը վառ շեշտադրումն է այն բանի, որ Հայաստանում շատերը չեն զբաղվում այն աշխատանքով, ինչի համար նախատեսված են, ասենք՝ «պատգամավորը  խորհրդարան է գնում իր բիզներսների համար օրենքներ ընդունելու»:

Գործակալության տնօրենի խոսքով՝ «կար իրենց գովազդային գործակալությունը, որը զբաղվում էր տրանսպորտի արտաքին գովազդով, սակայն շուկայում ստեղծված անառողջ մրցակցության պայմաններերից ելնելով էլ չկա»:

«Հենց հայտնվեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի (լուսանկարում) որդու գործակալությունը, իրենք օգտագործեցին իրենց բոլոր լծակները ու դրա հետևանքով փակվեց ինչպես մեր, այնպես էլ «Նյու-Պրոջեկտ» և ևս մի գործակալություն, որի անունը այս պահին չեմ հիշում», – ասել է մեր զրուցակիցը:

Վերջինս նշել է Նավասարդյանի որդուն պատկանող «Motion time» կազմակերպությունը դարձել է շուկայում մենաշնորհային:

«Մենք վճարում էինք պետտուրք և քաղաքապետարան էինք ներկայացնում տվյալ ավտոբուսի մակետը, որի վրա պիտի լիներ պատվիրատուի ֆիրմայի գովազդը: Մենք նախապես պայմանավորվածություն էինք ձեռք բերում պատվիրատուի հետ: Մակետը հանձնում էինք քաղաքապետարանի համապատասխան վարչությանը, որը պիտի հաստատեր մեր գովազդը,  պետտուրք էինք վճարում և ավտոբուսի պարկին տալիս գումար: Նավասարդյանի տղայի գործակալության ստեղծվելուց հետո ավտոբուսների պարկերը մեզ այլևս ավտոբուս չտրամադրեցին, քաղաքապետարանն էլ մերժում էր մեր ներկայացրածը», – պատմել է նախկին տնօրենը:

Գործարարի խոսքով՝ խնդրի մասին բարձրաձայնում են ոչ թե վիրավորանքը արտահայտելու, այլև Հայաստանում իշխող կառավարման մեխանիզմները ի ցույց դնելու համար:

«Այսքան ապօրինություններից ու իր անվան շուրջ ստեղծված աղմուկից հետո եթե Նավասարդյանը աշխատում է, ուրեմն իրոք մեր իշխանությունները թքած ունեն ժողովրդի վրա», – եզրափակել է մեր զրուցակիցը:

Epress.am-ի թղթակիցը զրուցել է նաև արդեն 1 տարի գործունեությունը դադարեցրած «Նյու Պրոջեքթ» ընկերության ներկայացուցչի հետ, ով թեև մանրամասներ չի նշել, սակայն հաստատել է, որ իրենց գործակալությունը դուրս է  մղվել՝ շուկայում հայտնված «Motion time» ընկերությանն պատճառով: