Home / Հայաստան / Բաքվում ակցիայի մասնակիցը կոշիկ է նետել ՌԴ դեսպանատան ուղղությամբ

Բաքվում ակցիայի մասնակիցը կոշիկ է նետել ՌԴ դեսպանատան ուղղությամբ

Ադրբեջանում դժգոհ են Եգոր Շերբակովի սպանության մեջ կասկածվող Օրհան Զեյնալովի նկատմամբ ռուսաստանցի իրավապահների վերաբերմունքից: Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Բաքվում ՌԴ դեսպանատան առջև բողոքի ակցիա է անցկացվել, որի մասնակիցները դատապարտել են իրենց հայրենակցի հանդեպ «անմարդկային վերաբերմունքը»:

Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները ստիպված են եղել անտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել:

Ակցիան կազմակերպել էին Ադրբեջանի սփյուռքի միջազգային կենտրոնի ներկայացուցիչները: Ցուցարարների թվում եղել են նաև Ղարաբաղյան պատերազմի վետերաններ, ովքեր Ռուսաստանին մեղադրել են «ադրբեջանական հողերի օկուպացման մեջ»: Նրանցից մեկը միայն խոսքերով չի սահմանափակվել ու, հանելով իր կոշիկը, նետել է դեսպանատան ուղղությամբ, որից հետո բերման է ենթարկվել ոստիկանների կողմից, հայտնում է «Կոմերսանտ»-ը:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը փորձել է կարգավորել իրավիճակը՝ ցուցարարներին հավատացնելով, որ Օրհան Զեյնալովի հետ կապված իրադարձությունները հատուկ կազկակերպված հակաադրբեջանական արշավ չեն ենթադրում: Նա ընդգծել է, որ Մոսկվայի համար թանկ են Բաքվի հետ հարաբերությունները: Դիվանագետի խոսքով՝ Օրհան Զեյնալովին բերման ենթարկելու՝ հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերն իրենցից «տհաճ տեսարան» էին ներկայացնում: Հատուկ նշանակության ծառայության գործողությունները, սակայն, նա բացատրել է նրանով,  որ «խոսքը գնում էր ծանր հանցագործության մեջ մեղադրվող մարդուն բերման ենթարկելու մասին»:

Նախօրեին Ադրբեջանում արմատականները սպառնացել էին երկրում բնակվող ռուսների հանդեպ «համարժեք միջոցներ» կիրառել, իսկ ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ խախտվել է կասկածյալ Զեյնալովի անմեղության կանխավարկածը: Բացի այդ, բողոքի նոտա էր հղվել ռուսաստանցի դիվանագետներին:

Լուսանկարը՝ Trend.az