Home / Հայաստան / «Հարսնաքարի» գործով տուժողը չի հիշել՝ քանիսն էին հարվածողները

«Հարսնաքարի» գործով տուժողը չի հիշել՝ քանիսն էին հարվածողները

Այսօր «Հարսնաքար»-ի գործով դատական նիստին նախատեսվում էր հարցաքննել տուժողներից 3-ին, սակայն Արտակ Բայադյանը և Արկադի Աղաջանյանը նիստին չէին ներկայացել և ցուցմունք է տվել միայն Էդգար Նիկոյանը:

Հիշեցնենք, որ տուժողներին կրկին հարցաքննելու անհրաժեշտությունը առաջացել էր նրանից հետո, երբ ամբաստանյալներից երեքը՝ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը և Արթուր Բաբլոյանը փոխել են նախկինում տված ցուցմունքները՝ նշելով, որ իրենք ոչ թե խմբով են ծեծի ենթարկել ռազմական բժիշկներին և նրանց ընկերներին, այլ յուրաքանչյուրը մեկին է ծեծել: Մասնավորապես, Նորայր Հայրապետյանը պնդել է, որ 2012 թվականի հունիսի 17-ին Վահե Ավետյանին միայն ինքն է ծեծի ենթարկել: Նշենք, որ 12 օր Ավետյանը մահացել է հիվանդանոցում:

Այսօրվա նիստին իր ցուցմունքի ժամանակ Նիկոյանը պատմել է, որ դեպքի օրը փորձել է հարվածներից պաշտպանել Արկադի Աղաջանյանին, և դրա հետևանքով հարվածներ է ստացել: Դատախազ Արմեն Մարուխյանի այն հարին, թե քանի մարդ էր հարվածում Աղաջանյանին, Նիկոյանն ասել է, որ չի կարող հստակ մտաբերել: Դատախազը հիշեցրել է, որ նախկին ցուցմունքներում Նիկոյանը նշել էր, թե Աղջանյանին «հարվածում էին մի քանի կողմից», ուստի դրանից կարելի է ենթադրել, թե հարվածողները մի քանիսն էին:

Նիկոյանը դարձյալ ասել է, թե հստակ չի կարող հիշել:

«Ընդհանուր խառը ամբողխ էր, չեմ կարող ասել՝ ով ում է հարվածել, բայց չեմ տեսել, որ մեկը մեկի հետ կռիվ աներ», – ասել է Նիկոյանը՝ նշելով, որ ամբոխում մարդկանց դեմքերը չի մտապահել:

Նա նաև չի բացառել կամ հաստատել, թե երեք ամբաստանյալները ճիշտ կամ սխալ են ասում իրենց փոփոխված ցուցմունքներում՝ կրկին ընդգծելով, որ չի հիշում, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել:

Նիստի ընթացքում հայտարարությամբ է հանդես եկել ամբաստանյալ Արման Խաչատրյանը: Նա պնդել է, որ Նիկոյանն առերեսման ժամանակ ճանաչել է իրեն ու ասել է, թե Խաչատրյանը հանգիստ կանգնած էր և չէր միջամտում կռվին: Խաչատրյանի խոսքով՝ այն, որ այժմ Նիկոյանը նշում է, թե չի հիշում մարդկանց, պայմանավորված է նրանով, որ տուժող կողմը ցանկանում է մեղքը ամբողջ խմբի վրա բարդել: