Home / Տեսանյութեր / Հայաստանը գենդերային հավասարության աղյուսակում նահանջ է ապրում

Հայաստանը գենդերային հավասարության աղյուսակում նահանջ է ապրում

Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է 2013 թվականի «Գենդերային անջրպետն աշխարհում» զեկույցը:

Իսլանդիան, Ֆինլանդիան ու Նորվեգիան գլխավորում են 136 երկրներից կազմված ցուցակը, որտեղ հաշվի են առել քաղաքական մասնակցության, տնտեսական հավասարության, ինչպես նաև կրթության ու առողջապահության ոլորտներում գենդերային հավասարության պահպանության սկզբունքը: Առաջին տասնյակում են նաև Շվեդիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան, Դանիան, Շվեյցարիան, Նիկարագուան:

Հայաստանը 2013 թվականի վարկանիշային աղյուսակում ցածր տեղ է զբաղեցնում՝ 94, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ցածր է 2 տեղով, իսկ 2010 թվականի ցուցանիշից՝ 10 տեղով: «Ծնվելու պահին սեռերի հարաբերակցությունը (իգական/արական)» ցուցիչով 131-րդ տեղը, «Կանայք խորհրդարանում» ցուցիչով՝ 108-րդ տեղը, «Կանայք նախարարական պաշտոններում»՝ 93-րդը, «Աշխատավարձի հավասարությունը նույն տիպի աշխատանքի համար» ցուցիչով՝ 100-րդ տեղը: Ավելի բարվոք է վիճակը «Մասնակցությունը նախնական, միջնակարգ և բարձրագույն կրթությանը» ոլորտում, որտեղ կանանց և տղամարդկանց հնարավարությունները հավասար են գնահատվել:

Ռուսաստանը աղյուսակում զբաղեցրել է 61-րդ տեղը, Վրաստանը՝ 83-րդն է, Ադրբեջանը՝ 99-րդն է, Թուրքիան՝ 120-րդը, Իրանը՝ 130-րդը: Աղյուսակի վերջին՝ 136-րդ հորիզոնականում է Եմենը: