Home / Հայաստան / Վրաստանը չի վերադառնա ԱՊՀ. նախագահի թեկնածու

Վրաստանը չի վերադառնա ԱՊՀ. նախագահի թեկնածու

Վրաստանի նախագահական ընտրություններում «Վրացական երազանք» իշխող քաղաքական կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ Վրաստանը երբեք չի վերադառնա ԱՊՀ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վրաստանի զարգացման հանդեպ մեր վերաբերմունքը մենք արտահայտել ենք 2008 թ. հանրաքվեի ժամանակ: Վրաստանի ժողովրդի, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական գործչի ցանկությունն է ինտեգրվել եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին»,- ասել է նա:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ օրը Մինսկում ԱՊՀ երկրների գագաթաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ ցանկանում է՝ Վրաստանը վերադառնա ԱՊՀ:

Ինչպես նշել է Մարգվելաշվիլին, Վրաստանի՝ ԱՊՀ-ի կազմում գտնվելը արդյունավետ չէր ու Վրաստանին «ոչ մի երաշխիքներ չէր տալիս»:

«Մենք հարգում ենք մեր բելառուսցի գործընկերների հայտարարությունները, բայց Վրաստանը միանշանակ շարժվում է դեպի Եվրոպա, այլ ոչ՝ ԱՊՀ»,- ասել է Մարգվելաշվիլին:

Վրաստանի՝ ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր 2008-ի պատերազմից հետո: Խորհրդարանն իր հավանությունը տվեց  նախագահի նախաձեռնությանը, ու օգոստոսի 18-ին Վրաստանի ԱԳՆ-ն ԱՊՀ-ի գործադիր կոմիտեին տեղեկացրեց երկրի՝ Համագործակցության կազմից դուրս գալու մասին:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը չի քննարկում ԱՊՀ վերադառնալու հարցը, սակայն մտադիր է խորացնել հարաբերությունները Համագործակցության կազմի մեջ մտնող բոլոր երկրների հետ: