Home / Հայաստան / «Ձեր փտած արժեքները». Ինչպես են ապրում նախնադարյան բնազդներով

«Ձեր փտած արժեքները». Ինչպես են ապրում նախնադարյան բնազդներով

Մի անգամ հանդիպման ժամանակ ընթերցողներիցս մեկը՝ բավական կարդացած, լայն աշխարհհայացքով ու կյանքի հարուստ փորձ ունեցող մարդ, փորձում էր ինձ բացատրել՝ ինչու են մարդիկ ինձ ատում:

– Որովհետև նրանք չգիտեն, որ ձեր գրածը ճիշտ է: Խղճի հետ տարաձայնություններ ունեն: Նրանց արժեքները փտած են: Նրանք էլ այդ մասին գիտեն: Նրանց նյարդայնացնում է, որ դուք այդ ճշմարտությունը տեսնում եք:

Շահվելեդ Չոբանօղլուն (հրապարակախոս) մի անգամ ինձ մոտավորապես նույն բանն ասաց.

– Ի՞նչ են մեզնից ուզում այս՝ ամեն հարցում ապահովված մարդիկ: Նրանց շրջանառությունը մեզնից մեծ է, նրանց աննուները մեր անուններից հայտնի են, հեռուստատեսությունը, ռադիոն, ամբողջ մամուլը նրանց ձեռքերում է,- հարցրի ես:

– Նրանք չեն կարողանում մարսել ձեր ազատությունը,- պատասխանեց նա:

Այս երկու զրույցներն էլ ավելի ամրապնդեցին դիրքորոշմանս հարցում վստահությունս: Ամբողջ սրտով հավատում եմ ընտրածս ճանապարհի ճշմարտացիությանը: Իսկապես, այսօրվա Ադրբեջանը, այդ թվում՝ մեր մտածելակերպի արդյունքն է: Մեր գիտակցության ու ապրելակերպի արդյունքը: Բազմաթիվ մարդիկ զայրանում են, քանի որ մենք տեղյակ ենք նրանց ապրելակերպի, ղեկավարության, տնօրենի առջև ստորանալու ու քծնության մասին: Նրանք վրդովված են, քանի որ մենք այդ մասին գիտենք ու գրում ենք: Չեն ուզում, որ ինչ-որ մեկն իմանա իրենց քծնության մասին:

Իհարկե, նրանք, ովքեր, չտեսնելով, թե ինչ է կատարվում շուրջը, ագրեսիա են ցուցաբերում երեք-չորս ազատ գրողների նկատմամբ, հրճվանք ապրում նրանց մոտ ուղղագրական սխալներ գտնելիս, ամբողջ օրն այդ մի քանի գրողներին ռեվիզիայի ենթարկում, պետք է բացահայտվեն: Բայց ի՞նչ կարող եմ անել ես, եթե դուք չեք կարողանում թաղել մեռածին:

Իհարկե, այս հոդվածը կբարկացնի նրանց, ովքեր, իրենց մորն ու հորը սովամահ անելով, նրանց հոգեհանգստի սեղանը լցնում են բանաններով, «Kent» ծխախոտով ու հազար տեսակ քաղցրավենիքով: Եթե հոդվածս բարկացնում է նրանց, ովքեր հաջ են կատարում հազարավոր մանիպուլյացիաներից, գողություններից ու կաշառակերությունից հավաքած գումարով, նրանց, ովքեր, հափշտակելով անբարենպաստ պայմաններում ապրողների ունեցվածքը, խանութներում «հալալ» նրբերշիկ են փնտրում, ուրեմն խոսքերս ու մտքերս հենց նշանակետին են դիպել:

Ի՞նչ անեմ, եթե դուք չեք կարողանում ընտանիք կազմել, ինչպես քաղաքակիրթ մարդիկ: Եկեք հաշվենք, թե ինչ ծանրություն է ընկնում նշանված տղայի ուսերին: Մարտի 8, ընկերուհու ծննդյան տարեդարձ, նրա մոր, հոր, քրոջ, եղբոր ու հարսնացուի մյուս հարազատների ծննդյան տարեդարձներ, Ղուրբան բայրամ, Ռամադան, Նովրուզ բայրամ, Նոր տարի, Սիրահարների օր: Երկու ընտանիքները, հաշվի չառնելով հնարավորությունները, դաժանորեն սնանկացնում ու շահագործում են միմյանց: Ընտանիքներից մեկը 30 մարդու ուղեկցությամբ հյուր է գնում մյուս ընտանիքին, մյուսը 40 մարդու ուղեկցությամբ հյուր է գնում առաջինին: Մի՞թե նրանց մեջ երկու խելացի մարդիկ չկան, որոնք կհարցնեն՝ ինչո՞ւ ենք մենք իրար սնանկացնում: Ավելի լավ չէ՞ր լինի ձեռք ձեռքի տալ ու այս խեղճ զույգին ինչ-որ համեստ բնակարանով ապահովել:

Հարսանիքն անցավ, ու հիմա ժամանակն է պարտքերը փակել: Ահա սա է ընտանիքի մոդելը, որով հպարտանում են ադրբեջանցիները: Անվստահությունը, եղածից հարյուր անգամ հարուստ թվալու ձգտումն ու փոխադարձ սուտը: Այսքանից հետո դեռ մյուսները նրանց սրտով չեն: Հնարավորությունը բաց չեն թողնում պնդելու, որ մյուսները խանգարում են նրանց զարգացմանը: Իբր նրանց զարգացմանը խանգարել են քրիստոնյաները: Ինչո՞ւ այդ քրիստոնյաները չեն խանգարել, ասենք, Ճապոնիայի զարգացմանը: Փուչ խոսակցություններ: Միայն սեփական ծուլությունն ու հետամնացությունն արդարացնելու ցանկություն:

Այդ պատճառով ներկայումս Ադրբեջանում խոսակցություններ են գնում մասոնների մասին: Մասոնության մասին խոսացողները իրականությունը չտեսնող մարդիկ են. եթե անգամ տեսնում են, ապա չեն ցանկանում ըմբռնել: Եթե պատիվ ու արժանապատվություն եք փնտրում մի քանի կաթիլ արյան մեջ, դրանում ոչ ես եմ մեղավոր, ոչ մասոնները: Հատկապես, երբ ժամանակակից բժշկությունն ընդհանրապես ծաղրում է կուսության գաղափարը: Որոշ աղջիկներ իրենց սիրելիներին ամեն ծննդյան տարեդարձի առիթով կուսություն են նվիրում: Դա ի՞նչ ընտանիք է, եթե հարսանիքից առաջ հարսնացուին վերահսկողության տակ են առնում, որպեսզի նա հանկարծ «իրեն կարգի չբերի»: Սա՞ է ձեր հարգարժան ընտանիքը: Դուք էլ եք լավ հասկանում, որ ձեր արժեքները փտած են: Միայն ձեր ներսի կեղտոտ նստվածքը ձեզ թույլ չի տալիս դա ընդունել ու ճանաչել իրական քաղաքակիրթ արժեքները:

Ձեր կյանքը բաղկացած է քարի, ավազի ու տախտակների վրա գումար ծախսելուց: Կառուցում եք, կոտրում, նորից կառուցում ու նորից կոտրում: Վերջում ստացվում է մի բան, որն ինչի ասես նման է, բացի տնից: Ներսում ձեր բակն ամբողջովին մաքուր է, իսկ շեմն աղբանոցի է նման: Իհարկե, այս ամենն ու ձեր բարձր ցանկապատերը խոսում են ձեր ինքնության մասին: Ապրում եք նախնադարյան բնազդներով: Մի՞թե կյանքի իմաստը հարսանիքի ժամանակ ուտելու, խմելու, ցատկոտելու, կարմիր լույսի տակ անցնելու, ճանապարհին բջջային հեռախոսով էշի պես մռնչալու մեջ է:

Ուժեղ են այն մարդիկ, ովքեր կարող են հեգնանքով վերաբերվել իրենց անցյալին, ծիծաղել իրենց անցյալի վրա: Նրանք են, ովքեր ընդունում են իրենց սխալները: Ադրբեջանցիների մեծամասնությունը զբաղված է իրենց անցյալի ազնվացմանբ: Իրենց բռնակալ, դաժան, դիկտատոր հայրերին բնութագրում են որպես սուրբ: 

Իսկ այժմ նոր ավանդույթ է հայտնվել: Ադրբեջանցիները սկսել են մտահոգվել ոչ միայն իրենց անցյալի, այլև նույնիսկ Արևելքի արժանապատվությամբ: Եվս մեկ անգամ կրկնում եմ յոթ տարի առաջ գրած նախադասությունը. Արևելքի գրականությունը, իր Նիզամիով, Ֆիզուլիով, Ֆիրդովսկիով, Սաադիով, Հաֆիզով, իր բոլոր աշուղներով հանդերձ, չարժի Չեխովի «Հիվանդասենյակ համար վեցը»: Այո, իսկ ի՞նչ կա դրա մեջ: Կարծես՝ դուք այնքան զգայուն մարդիկ եք, այնքան մտահոգված եք գրքերի, գրականության, դպրոցի, գրողների մասին, որ չեք կարող հաշտվել այս հայտարարության հետ:

Նրանք, ովքեր չեն կարող հաշտվել, 10 տարի առաջ չպետք է հանդուրժեին Միսիր Մանդարովի՝ կրթության նախարար նշանակվելը: Նա, ով տանել չի կարող այս նախադասությունը, պետք է իր արժանապատվությունը վիրավորված համարի այն բանից, որ Բաքվում մնացել է 5-6 գրախանութ: Նշանակում է՝ ձեր երկրպագությունը անցյալում ապրած, ստեղծագործած գրողի կամ մտավորականի նկատմամբ կեղծ է, քանի որ երեք-չորս ուսանողներից ու գրողներից բացի, ոչ ոք անգամ ձայն չհանեց, երբ կոնսերվատորիայի վրայից հանվեց Ուզեիր Հաջիբեկովի անունը: Վստահ եմ, որ իրենց որպես անցյալի երկրպագուներ ներկայացնողները ձայն չէին հանի անգամ, եթե կոնսերվատորիայի առջևից հանեին Ուզեիր Հաջիբեկովի հուշարձանը: Երեք-չորս գրողների նկատմամբ ագրեսիա ցուցաբերող մարդիկ տեղյակ են իրենց ստրկական դիրքից ու հենց այդ պատճառով էլ զայրացած են ազատ մտածող մարդկանց վրա:

Ձեր ագրեսիան ուղղեք ճիշտ հասցեով: Ես չեմ ձեր երեխաներից բանակում գումար շորթում: Ես չեմ փչացրել ձեր կրթության համակարգը: Ոչ ես, ոչ իմ ընկերները մեղավոր չենք ձեր բժշկության վատ վիճակի համար:

Եկեք ձեզ մի պատմություն պատմեմ: Մի անգամ մենք երեքկողմանի հանդիպում էինք անցկացնում մի ադրբեջանական գյուղում: Միջոցառմանը մասնակցում էին արվեստի մարդիկ Հայաստանից, Վրաստանից ու Ադրբեջանից: Հանդիպումը անց էր կացվում գյուղում, որպեսզի եկամուտը ստանային գյուղացիները, այլ ոչ թե հյուրանոցները: Ու նաև, որպեսզի մարդիկ տեսնեին գրողներին, բանաստեղծներին, ռեժիսորներին ու դերասաններին: Դա էր դոնորների պայմանը: Միջոցառման ժամանակ հայտնվեց մեր եղբայրներից մեկը, իսկ հետո հայտարարեց, որ ինքը ազգայնական է, «գորշ գայլերի» անդամ, աթաթյուրքիստ: Ես հարցրի՝ նա քանի գիրք է կարդացել: Նա պատասխանեց, որ հարյուրավոր գրքեր է կարդացել: Ես խնդրեցի երեք գրքերի անվանումներ թվել: Նա չկարողացավ անգամ մեկը նշել, իսկ հետո ասաց, որ գրքերն այդ խոսակցության հետ կապ չունեն:

Երեկոն եկավ: Մասնակիցներին սկսեցին տեղավորել տներում: Մեր եղբայրը լսեց, որ ամեն մասնակցի դիմաց տների սեփականատերերը կստանան 50-ական դոլար ու նույնպես ցանկություն հայտնեց ինչ-որ մեկին տանել իր տուն: Նրան երկու հայ տվեցին: Մեզ դավաճանության մեջ մեղադրած «ազգայնականը», «աթաթյուրքիստը» լուռ, հանգիստ իր տուն տարավ երկու հայերի:

Պարզվեց, որ մեր եղբոր հայրենասիրությունը, աթաթյուրքիզմն այնքան էլ թանկ չարժեն: Ընդհանրապես, ինձ համար ծիծաղելի է, երբ ադրբեջանցիներն ասում են, որ ինչ-որ նախադասություն  իրենց զայրացնում է, կամ ինչ-որ ստեղծագործություն՝ նյարդայնացնում: Նրանք ինքները, այդ մասին չկասկածելով, բացահայտում են իրենց: Եթե մարդիկ, որոնք արդեն 19 տարի հանդուրժում են ներկայիս իշխանության հնարքները, ասում են, որ ինչ-որ ստեղծագործություն իրենց զայրացնում ու նյարդայնացնում է, ուրեմն դա կեղծավորություն է:

Հեղինակ՝ Սեյմուր Բայջան

Հրապարակվել է Kultura.az կայքում