Home / Հայաստան / ԱՄՆ-ի հետաքրքրությունը Ադրբեջանի հանդեպ նվազում է. ամերիկացի փորձագետ

ԱՄՆ-ի հետաքրքրությունը Ադրբեջանի հանդեպ նվազում է. ամերիկացի փորձագետ

Բաքվում քաղաքական ղեկավարությունն իրեն վիրավորվածի տեղ է դնում՝ այդպիսով դրսևորելով իր մեկուսացումը աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից: Բաքվի իշխանությունը չի հասկանում եվրոպական ու ամերիկյան առաջնահերթություններն ու արժեքները, ինչպես, օրինակ, օրենքի գերակայությունը: Այս մասին Turan գործակալության հետ զրույցում հայտարարել է փորձագետ, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Ուեյն Մերին՝ մեկնաբանելով Բաքվի ու Վաշինգտոնի հարաբերությունները:

«Բաքվում չեն ցանկանում հասկանալ, որ նման խնդիրները հնարավոր չէ շրջանցել՝ դրանք արտաքին քաղաքականության հիմնարար հարցեր են թե ԱՄՆ-ի, թե Եվրոպայի համար… Նման խնդիրները շարունակվելու են, ու կարծում եմ՝ հետագայում դրանք ավելի շատ են լինելու»,- նշել է փորձագետը:

Պատասխանելով հարցին, թե Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանում ԱՄՆ-ի առաջնահերթությունների վրա, Մերին ասել է, որ ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի նշանակությունն ԱՄՆ-ի համար նվազում է: 

Դա մասամբ պայմանավարված է Աֆղանստանում ամերիկյան առաքելության ավարտով ու աշխարհի այլ շրջաններում ԱՄՆ-ի պարտավորվածություններով: Հետևաբար, ըստ Մերիի, առաջիկա հինգ տարիների ընթացքում Ադրբեջանը ամերիկյան շահերի հարցում ավելի ցածր կարգավիճակ կունենա, քան նախորդ տարիներին:

Փորձագետը նաև Բաքվին կոչ է արել չհրճվել նավթի ու գազի մատակարարի իր դերով՝ հաշվի առնելով իրականությունն ու նոր մարտահրավերները:

«Նավթային եկամուտների շնորհիվ բարեկեցության հեշտ տարիներն անցյալում են.  առջևում տնտեսական մարտահրավերների շատ ավելի ծանր տարիներ են սպասվում»,- հայտարարել է Մերին: