Home / Տեսանյութեր / Երևանում՝ սիբիրյան խոցի մեկ դեպք. փնտրում են վարակի աղբյուրը

Երևանում՝ սիբիրյան խոցի մեկ դեպք. փնտրում են վարակի աղբյուրը

Հոկտեմբերի 26-ին Երևանում «սիբիրյան խոց» վարակի մեկ դեպք է արձանագրվել, ու թեև ձեռնարկված միջոցառումների արդյունքում ախտորոշումը հաստատվել է, սակայն վարակի աղբյուրը  դեռևս հայտնաբերված չէ: Այս մասին այսօր Еpress.am-ի հետ զրույցում ասել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Առողջապահության նախարարության կայքի հաղորդմամբ՝ նախորեին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց  դիմած հիվանդի մոտ նախնական ախտորոշումով հայտնաբերվել է «սիբիրյան խոց (մաշկային ձև)» և լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է: Պարզվել է, որ վարակի հավանական աղբյուրը վարակված միսն է:

Մկրտչյանը նշել է, թե Առողջապահության նախարարության ահազանգի հետքերով իրենք այցելել են այն խանութը, որտեղից օգտվել էր բնակիչը, և կասեցրել մսի վաճառքը:

«Վերցրել ենք նմուշներ, որոնք այս պահին լաբորատորիայում են, և փորձաքննությունը շարունակվում է՝ չկա նախնական ախտորոշում: Միսը վաճառվել է հոկտեմբերի 19-ին՝ մեկ շաբաթ առաջ, ու մենք ամեն կերպ փորձեցինք գտնել մսեղիքի կտորներ, բայց այս պահին ոչինչ չկա: Փորձը շարունակվում է, հետագա քայլեր ձեռնարկելու համար նախևառաջ պետք է ախտորոշվի, թե որտեղից կարող էր վարակվել բնակիչը», – ասել է մեր զրուցակիցը:

Վերջինս ընդգծել է, թե բնակչի մոտ վարակի նշաններն ի հայտ են եկել միսը գնելուց 4-5 օր անց, իսկ հիվանդությունը աշխտորոշվել է մեկ շաբաթ անց:

«7 օրերի ընթացքում տվյալ խանութը մի քանի անգամ միս է ստացել, ուստի շատ քիչ էր հավանականությունը, որ կհայտնաբերեինք հիվանդ կենդանու մսեղիքը: Խանութում մի քանի կենդանու մսեղիք կար, կասեցվել է դրանց վաճառքը, բոլորից նմուշառում է արվել և փորձաքննություն է արվում՝ հասկանալու համար՝ հարուցիչ գոյություն ունի, թե ոչ», – նշել է Մկրտչյանը:

Նա նաև շեշտել է, թե առայժմ ձեռնպահ են մնալու խանութի անունը հրապարակելուց՝ կտեղեկացնեն միայն ախտորոշումից հետո:

«Տվյալ խանութում ոչ մի գրամ միս չի վաճառվելու այնքան ժամանակ, քանի դեռ փորձաքննության արդյունքները պատրաստ չեն: Ավելացնեմ, որ հիվանդ մսեղիքը այլ խանութներ վաճառքի չի գնացել ու անգամ եթե դրանից մնացել է, ապա մնացել է տվյալ խանութում: Եղել ենք նաև խանութին միս մատակարարող ֆերմայում, կլինիկական զննում ենք արել, կենդանիները հսկողության տակ են, նոր դեպք չի գրանցվել», – եզրափակել է  մասնագետը: