Home / Տեսանյութեր / Կանանց ռեսուրսային կենտրոնին զրպարտած ԱԺ պատգամավորի կայքը հերքում չի տպագրում

Կանանց ռեսուրսային կենտրոնին զրպարտած ԱԺ պատգամավորի կայքը հերքում չի տպագրում

Կանանց ռեսուրսային կենտրոնի ու Zaruhi.com կայքի միջև նախորդ տարվանից  ծագած վեճը մինչ այժմ շարունակում է մնալ չլուծված: Կազմակերպությանը վիրավորանքներ հասցրած Zaruhi.com-ի խմբագրակազմը հրաժարվում է կայքում հոդված հրապարակել ու ներողություն խնդրել:

Խնդրո առարկան 2012 թվականին Zaruhi.com կայքում Կանանց ռեսուրսային կենտրոնի մասին հրապարակված հոդվածն է եղել, որում Zaruhi.com-ի լրագրող Ռուսլան Թաթոյանը Կանանց ռեսուրսային կենտրոնին, մասնավորապես, անվանել է «գրանտակեր», «ընտանիք քանդող»:

Կանանց ռեսուրսային կենտրոնը դատարան է դիմել՝ կայքից և լրագրողից հերքում պահանջելով զրպարտանքի և արժանապատվությունը վիրավորելու համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել է հայցը՝ համարելով, որ վիրավորանքի փաստն ակնհայտ է: Դատարանը նաև փոխհատուցում է նշանակել՝ 50 հազար դրամի չափով: Այնուհետև Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատասխանատու է միայն լրագրողը, իսկ կայքը կատարվածի համար  պատասխանատվություն չի կրելու:

«Ստացվեց մի իրավիճակ, երբ պետք է ներողությունը հրապարակվեր կայքում, բայց քանի որ պատասխանատուն միայն լրագրողն է, ուստի բացակայում է դրա իրական հնարավորությունը՝ լրագրողը մուտք չունի այդ կայք, առավել ևս, որ նա այնտեղ չի աշխատում: Լրագրողն այս պահին պատրաստ է ներողությունը հրապարակել, սակայն կայքը թույլ չի տալիս առանձին հոդված հրապարակել և լավագույն դեպքում առաջարկում է դա մեկնաբանության (քոմենթի) տեսքով դա անել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Կանանց ռեսուրսային կենտրոնի փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը: Նա ասել է, որ հարցի լուծման միակ տարբերակը իրենք արդեն առաջարկել են՝ կայքում հերքում տպագրել, ինչից հետո  փաստացի հարցը փակված կհամարվի:

Փիլիպոսյանի խոսքով՝ Zaruhi.com-ի նախկին տնօրեն, ներկայումս ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով մինչ այժմ փաստացի  խմբագրական խորհրդի  նախագահն է, դեպքից հետո կենտրոնի դեմ սկսել է որոշակի քայլեր ձեռնարկել՝ վարկաբեկումներ, վիրավորական արտահայտություններ, մինչև անգամ կազմակերպության դեմ շինծու մեղադրանքներով դիմել է ոստիկանություն:

«Լարված իրավիճակ է կոնկրետ այդ անձի հետ, ու դրա արդյունքում էլ կայքը չի համաձայնում կամավոր հիմունքներով հրապարակել ներողությունը: Ամեն դեպքում  մենք ունենք վիրավորանքը հաստատող վճիռը, պարզապես դատարանը մի քայլի պատճառով պատասխանողների ցանկից դուրս թողեց կայքին, ու վճիռը փաստացի չի կատարվում: Օրենքը պահանջում է, որ ներողությունը պետք է հրապարակվի նույն ձևով և նույն տեղում, որտեղ եղել է հոդվածը», – ասել մեր զրուցկիցը:

Փաստաբանը նշել է, որ ակնհայտ է օրենքի բացը՝ գործերը դատարան մտնելուց մեծ աղմուկ են հանում, բայց դատարանի վճիռները շատ դեպքերում չեն իրականացվում, քանի որ բացակայում են դրանց կատարման եղանակները:

Թեմայի շուրջ Epress.am-ի թղթակիցը զրուցել է նաև լրագրող Ռուսլան Թաթոյանի հետ, ով նշել է, թե ի սկզբանե հոդվածը նախատեսված է եղել տպագրել «Իրավունք»  թերթում, քանի որ ինքն այդ թերթի աշխատող էր:

«Այն, որ հոդվածը տպագրվեց Zaruhi.com-ում, արդեն իմ մեղքով չի եղել, թեև Zaruhi.com-ը պատկանում էր «Իրավունքին»: Դատական պրոցեսն ընթացել է Zaruhi.com-ի դեմ, մինչդեռ ես թերթի լրագրող էի: Ես մարտ ամսին դուրս եկա  աշխատանքից, հետո տեսա վճիռը՝ թե ֆինանսական, թե նյութը տեղադրելու պահանջը ինձ են ներկայացրել: Ես ոչ մի լծակ չեմ ունեցել՝ ինչպե՞ս կարող էի թերթի նյութը տեղադրել կայքում, կամ էլ առանց խմբագրի գիտության: Եթե կա դատական պրոցես, որը որոշում է կայացրել, ուրեմն պետք է կատարվի: Ես երբևէ չեմ ուզեցել վիրավորել կենտրոնին, կանանց, բաներ կան, որոնց հետ համամիտ եմ կամ ոչ, բայց հոդվածում որակումներ կային, որոնց հետ կապ չեմ ունեցել: Զարմանալիորեն միայն ես մնացի որպես պատասխանող կողմ, և նրանք էլ ձեռքները լվացին», – ասել է Թաթոյանը:

Լրագրողի խոսքով՝ ինքը նույնպես տարբերակներ է փնտրում ներողությունը հրապարակային տպագրելու և անհեթեթ քաշքշուկից ձերբազատվելու համար: