Home / Հայաստան / Զուրաբյանը քննադատել է ԱԳՆ-ն. Գեղամյանը պաշտպանել է Սերժ Սարգսյանի փեսային

Զուրաբյանը քննադատել է ԱԳՆ-ն. Գեղամյանը պաշտպանել է Սերժ Սարգսյանի փեսային

Այսօր ԱԺ-ում ՀՀ արտգործնախարարությանը 2014թ. բյուջեից հատկացվելիք գումարի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հարց է բարձրացրել ՀՀ արտաքին քաղաքականության անարդյունավետության մասին: Նա նշել է, որ բյուջեից անիմաստ գումարներ են վատնում արտերկրներում դեսպանատներ բացելու վրա:

Անարդյունավետ ծախսերի թվում Զուրաբյանը նշել է Վատիկանում ՀՀ դեսպան նշանակելը (Վատիկանում ՀՀ դեսպանն է Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը):

Այլ ձախողումների շարքում ՀԱԿ պատգամավորն առանձնացրել է հայ-թուրքական տապալված բանակցությունները և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ նախապատրաստական աշխատաքները:

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Զուրաբյանի հետ չի համաձայնել՝ պնդելով, որ դա պատգամավորի անձնական տեսակետն է, որից հետո խոսքի իրավունք է խնդրել ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը:

Նա պնդել է, որ Զուրաբյանը մոռանում է, թե աշխարհում կա 1 մլրդ քրիստոնյա, և ԵՄ լոկոմոտիվ համարվող Գերմանիայում իշխանության ղեկին են քրիստոնյա-դեմոկրատները, որոնց վրա Վատիկանը մեծ ազդեցություն ունի:

Գեղամյանը գովել է նաև Միքայել Մինասյանին՝ ասելով, որ վերջինս գերազանցությամբ ավարտել է Մուրադ Ռաֆայելյանի վարժարանը և «հիանալի դիվանագետ է», ով նպաստում է Հայաստանի և Վատիկանի կապերի ամրապնդմանը: