Home / Հայաստան / ԱՄՆ ֆիննախի «սև ցուցակում» հայ գործարարներ են ընդգրկված

ԱՄՆ ֆիննախի «սև ցուցակում» հայ գործարարներ են ընդգրկված

Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել գործարարներ Արթուրթ Բադալյանի և Լազար Շահբազյանի նկատմամբ: Ինչպես նշում է azatutyun.am-ը, նրանք ընդգրկված պատժամիջոցներ նախատեսող հատուկ ցանկում, որ տեղադրված է ամերիկյան գերատեսչության պաշտոնական կայքում:

Նույն ցանկում ընդգրկված ամենահայտնի մարդն է ռուսաստանցի երգիչ Գրիգորի Լեպսը, ում մեղադրում են ռուսական մաֆիայի հետ ակտիվ համագործակցության մեջ: Ցուցակում Լեպսն ընդրգկվել է իր իսկական անվան տակ՝ որպես Գրիգորի Լեպսվերիձե: Այսուհետ Լեպսվերիձե-Լեպսի՝ ամերիկյան բանկերում գտնվող բոլոր ակտիվները կսառեցվեն, իսկ Միացյալ Նահանգների քաղաքացիներին կարգելվի որևէ գործնական առնչություն ունենալ երգչի հետ:

Ամերիկյան ֆինանսների նախարարությունը պնդում է, որ Լեպսը անդրազգային «Եղբայրական շրջանակ» հանցավոր խմբավորման անդամ է: Նա, ըստ ամերիկացիների, կանխիկ գումար է փոխադրել աշխարհի տարբեր հատվածներ` հանցավոր խմբավորման ղեկավարների անմիջական հրահանգով:

Լեպսի հետ մեկտեղ, ամերիկացիները պատժամիջոցներ են կիրառել նաև 50-ամյա գործարար Արթուր Բադալյանի դեմ, որը, ըստ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տվյալների, հանդիսանալով Fasten Tourism ընկերության սեփականատեր, նույնպես ներգրավված էր ֆինանսական միջոցների անօրինական շրջանառությունը կազմակերպելուն ուղղված գործունեության մեջ: Բացի դա, Բադալյանի տուրիստական ընկերությունը ռուսական մաֆիան օգտագործում էր սեփական ուղևորությունները կազմակերպելու համար:

Եվս մեկ հայազգի գործարար, ով, ըստ ամերիկյան կողմի, Գրիգորի Լեպսի հետ միասին ներգրավված է եղել հանցավոր գործունեության մեջ, Gurgen House ընկերության սեփականատեր Լազար Շահբազյանն է: Նրա ընկերությունը գործում է միանգամից չորս պետություններում` Ռուսաստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Շահբազյանը ևս, ամերիկացիների պնդմամբ, զբաղված էր գումարների անօրինական շրջանառությամբ:

Ինքը Գրիգորի Լեպսը կտրականապես հերքում է ներկայացվող մեղադրանքը: «Եթե ինձ արգելեն մուտք գործել Միացյալ Նահանգներ, մի կերպ կդիմանամ: Ինձ ներկայացվող մեղադրանքը նույնքան աբսուրդային է, որքան ժամանակին հնչած այն պնդումները, թե Ֆրենկ Սինատրան մաֆիայի անդամ է: Եթե այդպես է, ապա խորհուրդ կտայի ամերիկացիներին` հանեք Սինատրային գերեզմանից և դատեք նրան», – հայտարարել է Լեպսը: