Home / Տեսանյութեր / «Այս սակագնով հնարավոր չէ». Տարոն Մարգարյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

«Այս սակագնով հնարավոր չէ». Տարոն Մարգարյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի բացառում, որ տրանսպորտի գինը կբարձրանա:

«Եթե մենք ուզում ենք անվտանգ երթևեկություն և որակյալ սպասարկում ապահովել, այո', այս սակագնով հնարավոր չէ դա իրականացնել», – երեկ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողներին ասել է Մարգարյանը:

Yerkir.am-ի փոխանցմամբ՝ քաղաքապետը հայտնել է նաև, որ տրանսպորտի սակագնի վերանայման հարցով ստեղծված հանձնաժողովի նիստերը բաց են լուսաբանման համար և, հետևելով դրա աշխատանքներին, կարելի է տեղեկանալ, թե երբ կհրապարակվի ուղեվարձի գինը:  Նա նշել է, որ այժմ հանձնաժողովի անդամները փուլ առ փուլ քննարկում են, թե սակագինը ինչ չափի կլինի, և երբ քննարկումներն ավարտվեն, երբ հանձնաժողովն իր վերջնական արդյունքը ներկայացնի, այն ժամանակ էլ ինքն իր գնահատականը կտա:

«Ինձ համար առաջնահերթը երևանցու անվտանգ և որակյալ երթևեկությունն է: Իսկ թե ինչ սակագնով կկարողանանք ապահովել, կորոշի հանձնաժողովը»,- ասել է Մարգարյանը:

Քաղաքապետը հիշել է 90-ական թվականների սկիզբը, երբ «տրանսպորտի լուրջ խնդիր կար»:

«Ես երբևիցե չեմ ուզենա, որ մենք անցնենք այդ վիճակին: Ու քանի որ այսօր քաղաքային իշխանության պատասխանատուն մենք ենք, ապա պետք է մտածենք վաղվա օրվա մասին: Իսկ այսօր անվտանգ երթևեկություն չի իրականացվում, և բոլորս ենք տեսնում մեր տրանսպորտի վիճակը: Հալաբյան փողոցի  խոշոր վթարը՝ պարզ և ցավալի օրինակ: Ինձ համար կարևորը երևանցիների անվտանգությունն է, իսկ այսօր ես չեմ համարում, որ երևանցին անվտանգ է երթևեկում: Իրականում բոլորս ենք տեսնում, որ մեր տրանսպորտը վտանգավոր վիճակում է գտնվում»,- ընդգծել է քաղաքապետը:

Դիտարկմանը, թե նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ստացե՞լ է, Տարոն Մարգարյանը պատասխանել է. «Սա քաղաքային իշխանության լուծելու խնդիրն է, դրա համար հանձնաժողով ենք ստեղծել ու մենք ինքնուրույն մեր աշխատանքները կատարում ենք»: