Home / Հայաստան / Գարրի Կասպարովը Լատվիայից քաղաքացիություն է խնդրում

Գարրի Կասպարովը Լատվիայից քաղաքացիություն է խնդրում

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը դիմել է Լատվիայի սեյմին՝ իր կողմից հատուկ ծառայություններ մատուցելու համար այդ երկրի քաղաքացիություն շնորհելու խնդրանքով: Այս մասին հայտնում է «Բի-բի-սի»-ն: Սեյմի պատգամավորների խոսքով՝ Կասպարովը, միևնույն ժամանակ, ցանկանում է պահպանել Ռուսաստանի քաղաքացիությունը:

Լատվիայի սեյմն իրավունք ունի քաղաքացիություն տրամադրել՝ երկրին մատուցած հատուկ ծառայությունների համար:

Այս տարվա հունիսին՝ հանդես գալով Ժնևում՝ Կասպարովը հայտարարել էր, որ մտադիր չէ առաջիկայում վերադառնալ Ռուսաստան, քանի որ վախենում է հետախուզման ենթարկվել իր ընդդիմադիր գործունեության համար:

Իր հայտարարության մեջ Կասպարովը նշել է, որ իր կյանքը դեռ երիտասարդությունից կապված է եղել Լատվիայի հետ, որտեղ 70-ականններին ինքը մրցույթների էր մասնակցում: Կասպարովի որդու մայրը Լատվիայի քաղաքացի է, իսկ որդին բնակության իրավունք ունի ու պարբերաբար լինում է Ռիգայում:

Բացի դա, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչն ընդգծել է Լատվիայի հարգալից վերաբերմունքը մարդու ու նրա իրավունքների նկատմամբ, ու այն, որ երկրում չկա ոչ ազգային խտրականություն, ոչ բռնապետություն: Քաղաքացիներն ազատ արտահայտվելու, քաղաքական գործընթացներին մասնակցելու ու հետևանքների մասին չանհանգստանալու իրավունք ունեն:

Կասպարովի խոսքով՝ ինքը որպես Լատվիայի քաղաքացի, «Կասպարովի շախմատային հիմնադրամ»-ի աջակցությամբ կարող է իր ավանդն ունենալ աշակերտների և ուսանողների հետ աշխատանքներում, ու բարձրացնել երկրի վարկանիշը շախմատային մրցույթներում: