Home / Տեսանյութեր / Պրոբլեմ հարևանների համար. երբ Հայաստանը սուբյեկտից օբյեկտի է վերածվում

Պրոբլեմ հարևանների համար. երբ Հայաստանը սուբյեկտից օբյեկտի է վերածվում

Սեպտեմբերի 3-ին արված Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Հայաստանում օկուպացիայի տարրեր են ի հայտ եկել, ընդ որում՝ օկուպացիայի համար նույնիսկ զորքի անհրաժեշտությունը չկա՝զորքը վաղուց այստեղ է:

Խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների, Ռուսաստան- Հայաստանի հարաբերությունների մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը (լուսանկարում):

«Եթե մինչ այդ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին խոսում էինք որպես վասալի և սուվերենի հարաբերությունների, այդ օրվանից երկիրը օկուպացիայի ենթարկվեց: Ասելիքս ամրապնդում  է հոկտեմբերի 25-ին Մինսկի գագաթաժողովի տխրահռչակ փաստաթուղթը, որով Հայաստանը պարտավորվում է ոչ միայն գործողություններ չանել ՄՄ-ի և նրա անդամների դեմ, այլև ՄՄ անդամ երկրների շահերին հակասող հայտարարություն չանել», – ասել է բանախոսը:

Նրա խոսքով՝ հակառակ կողմի պարտավորությունների մասին բառ անգամ գրված չէ:

«Հայաստանի չորս հարևաններն էլ այսօր լրջագույն հարաբերությունների մեջ են Արևմուտքի հետ՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Եվրամիության հետ նույն ազատ առևտրի գոտում է, Վրաստանը պատրաստվում է Վիլնյուսում ստորագրել Ազատ  առևտրի գոտու մասին համաձայնագիրը, Իրանը բանակցում է «վեցյակի» ղեկավարների հետ, նա ակնհայտ ցանկություն ունի լավացնելու հարաբերությունները Արևմուտքի հետ, իսկ ահա Ադրբեջանը լրջագույն հարաբերություններ է հաստատում ԵՄ-ի հետ: Հայաստանը, հակառակը, գնալով վերածվում է Ռուսաստանի խափանարար ռազմավարության գործիքի, ռուսական շահերի սև խոռոչի: Մեծ է հավանականությունը, որ բոլոր հարևանների կողմից Հայաստանը կարող է որպես պրոբլեմ դիտարկվել: Ինչ վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, ապա ՄՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը սուբյեկտից վերածվել է օբյեկտի: Հպատակեցնելով Հայաստանին` Ռուսաստանն այսուհետ անելու է ամեն բան, որպեսզի Ադրբեջանին հեռու պահի արևմտյան շուկաներից: Իսկ ահա Ղարաբաղի հարցը պարզապես լծակ է հանդիսանալու ռուսների ձեռքին»,- նշել է Մեհրաբյանը: