Home / Տեսանյութեր / Փոխադրողները սպառնում են չսպասարկել երթուղիները, եթե ուղեվարձը չբարձրանա

Փոխադրողները սպառնում են չսպասարկել երթուղիները, եթե ուղեվարձը չբարձրանա

Փոխադրող կազմակերպությունների ղեկավարներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով ակտիվացնել տրանսպորտի հարցով հանձնաժողովի աշխատանքները և շուտափույթ կերպով բարձրացնել տրանսպորտի սակագինը, հակառակ դեպքում խոստացել են դիմել ռադիկալ քայլերի:

Կազմակերպությունների ղեկավարները նշել են, թե եռօրյա ժամկետում սպասելու են հստակ պատասխանի, այնուհետ քննարկումներ են անցկացնելու, իսկ պահանջը չբավարարելու դեպքում պատրաստ են ընդհուպ մինչ դադարեցնել երթուղիների սպասարկումը:

ՀՀ փոխադրողների միության նախագահ Հայկ Եղիազարյանն Еpress.am-ի հետ զրույցում ասել է, թե «դանակը հասել է ոսկորին», ու փոխադրողները ներկա  սակագնով փոխադրումներ կատարելու միջոց այլևս չունեն:

«Ուղեվարձի բարձրացումն անխուսափելի է, ու այս կերպ շարունակելու դեպքում մենք վաղը գնալու ենք ոտքով: Ինչ կուտակումներ, ռեզերվներ ունեին՝ ամբողջը սպառվել է, բոլորը պարտքերի մեջ են ու չեն կարողանում անվադողեր, մարտկոցներ ձեռք բերել, տեխսպասարկում, տեխզննում անցկացնել, գույքահարկ, ԱՊՊԱ վճարել: Կանգնել ենք փակուղու առաջ՝ այլևս հետ գնալու տեղ չկա»,- ասել է Եղիազարյանը:

Նա վստահեցրել է, որ ուղեվարձի թանկացումից հետո կներկայացնեն բիզնես պլանները, վարկեր կվերցնեն ու նոր շարժակազմեր կբերեն:

«Երթուղայինների մեջ խցանումներ չեն լինի, նոր շարժակազմերով ավելի քաղաքակիրթ կերպով կսպասարկենք մեր ժողովրդին: Կփոխենք միկրոավտոբուսները, ու դրանց փոխարեն կաշխատեն մեծ տարողությամբ ավտոբուսներ: Այն ժամանակ դուք ոչ թե խցկված կգնաք, այլ կանգնած, կամ նստած», – ասել է միության նախագահը:

Նրա խոսքով՝ ակցիաներ նախկինում չեն անցկացրել, քանի որ «գործի մարդիկ են», իսկ ակցիա անցկացնելը սովորել են ակտիվիստներից:

«Բոլորից սովորելու բան կա, մենք էլ  այսօր օգտագործեցինք պայքարի այս մի տարբերակը», – ասել է Եղիազարյանը:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, իր հերթին, Epress.am-ի հետ զրույցում նշել է, թե հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ քիչ առաջ քննարկել են փոխադրող կազմակերպությունների ղեկավարների ներկայացրած պահանջները և համոզմունք հայտնել, որ նման վարքագիծը ձևական բնույթ է կրում:

«Քաղաքապետարանի սարքածն է, ասում են՝ «եկեք, մեր դիմաց ցույց արեք»: Բացառված է թեկուզ մի ժամով կանգնեցնել երթուղու սպասարկումը, իսկ եթե կանգնեն, ապա քաղաքապետը պետք է հրաժարական տա՝ «ամեն ինչ իրենց դեմ է», -ասել է Հավհաննիսյանը: