Այսօր ԱԺ-ում ներկայացվել է Կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրենքի նախագիծը, որը բուռն քննարկում է հարուցել: Խնդիրն այն է, որ օրինագծի հեղինակները պահանջում են, որ օրենքը քննարկման դրվի փոփոխությունների ենթարկվելուց հետո միայն: Ինչպես քննարկմանն ասել է նախագծի համահեղինակ, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, իրենք ցանկանում են, որ «ինչ ուզում եք՝ գենդերի փոխարեն դրեք, ուղղակի բառ, որ հարիր լինի նամուսով, թասիբով հազարավոր մարդկանց»:
«Բոլորիդ է հայտնի, որ օրենքը թյուրըմբռնման տեղիք է տվել: Օրենքում տեղ գտած «գենդեր» արտահայտությունը թյուրըմբռնման տեղիք է տվել, մենք առաջարկել ենք հանել այդ բառը և փոխարինել սեռ կամ այլ հոմանիշով, կամ կարող են լինել այլ առաջարկներ: Հանձնաժողովը չի ընդունել մեր առաջարկը: Ես սա ասում եմ, քանի որ բոլորս ենք պատասխան տալու հազարավոր մարդկանց առաջ»,- ասել է ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հակադարձել է` ասելով, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը քննարկել է հարցը, կան առաջարկներ Ծնողական կոմիտեի կողմից և հանձնաժողովի կողմից, և կհասնեն մի տարբերակի, որը կբավարարի բոլորին:
ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծիք է հայտնել, որ ոչինչ չի խանգարում օրենքը մտցնել օրակարգ և դրանից հետո առաջարկները քննարկել:
Հեղինե Բիշարյանի հետ համակարծիք էր ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով ևս համոզմունք է հայտնել, որ օրենքը պետք է մտնի ԱԺ միայն այն բանից հետո, երբ Կառավարությունը հանի «գենդեր» բառը:
ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանն էլ կարծիք է հայտնել, որ օրենքը առհասարակ պետք է հանվի ու այլևս չքննարկվի.
«Ոչ միայն եկեղեցին է ապահովել մեր զարգացումը, այլև հայկական ընտանեկան սովորությունները: Համաշխարհային ճանաչում ունեցող հայկական ընտանիքում կնոջ և տղամարդու հավասարությունը դարձրել են քննարկման առարկա»:
Բուռն քննարկումից հետո ԱԺ-ն քվեարկել է և որոշել օրենքի նախագիծը օրակարգում չընդգրկել: