Home / Հայաստան / Թուրքիայում կին պատգամավորներին թույլ են տվել խորհրդարանում տաբատ կրել

Թուրքիայում կին պատգամավորներին թույլ են տվել խորհրդարանում տաբատ կրել

Թուրքիայի խորհրդարանը նոյեմբերի 14-ին չեղյալ է համարել կին պատգամավորների կողմից տաբատ կրելու արգելքը, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:

Արգելքը չեղյալ համարելու նախաձեռնողը ընդդիմադիր պատգամավոր Շաֆաք Փաֆեյն է, ով նախկինում բազմիցս փորձել է տաբատ կրելու թույլտվության հասնել, քանի որ նրա ոտքերից մեկի փոխարեն պրոթեզ է: Գործընկերներն ամեն անգամ մերժել են նրան՝ հղում կատարելով սահմանված կանոններին, որոնք կանանց թույլ էին տալիս միայն կիսաշրջազգեստ կրել:

Արգելքի վերացումը հնարավոր է դարձել վերջերս ընդունված որոշումից հետո, որի համաձայն կանանց թույլ է տրվում խորհրդարանում հիջաբ կրել՝ մահմեդական ավանդույթներին համապատասխան:

Հիջաբ կրելու արգելքի վերացումը Թուրքիայում քննարկումների լուրջ առարկա դարձավ: Լիբերալ հայացքներ ունեցող բազմաթիվ տեղացի դիտորդներ տեղի ունեցածի մեջ աշխարհիկ արժեքներից հրաժարվելու սկիզբ տեսան, որոնց վրա հիմնված է ժամանակակից պետությունը: