Home / Հայաստան / Բիշարյանը խլել է լրագրողի ձայնագրիչը, չի պատասխանել ազգականի մասին հարցին

Բիշարյանը խլել է լրագրողի ձայնագրիչը, չի պատասխանել ազգականի մասին հարցին

Երեկ Ազգային ժողովում ՀՀ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խլել է news.am կայքի թղթակցի ձայնագրիչը:  

Նկատի ունենալով Բիշարյանի քրոջ փեսային՝ Լևոն Դոխոլյանին, ով, համաձայն մամուլում տարածված լուրերի, փոխարինելու է մանդատը վայր դրած ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանին, կայքի թղթակիցը հարցրել է Բիշարյանին, թե ինչպես է նա վերաբերվում այն հանգամանքին, որ բարձրաստիճան պաշտնոնյան կամ առհասարակ պաշտոնյան լրագրողի նկատմամբ ոչ կոռեկտ է գտնվում.

«Անընդունելի եմ համարում։ Պարզապես, ես պետք է մի բան ասեմ, որ երբ մենք մամուլը կարդում ենք, կլինի էլեկտրոնային, թե տպագիր, մի լրագրող, որի կենսագրությունը շատ փոքր է, որպեսզի դիմացինին ճանաչի ու նրան կարողանա նկարագրել։ Պետք է ասեմ, որ այն դեպքում, երբ լրագրողը թույլ է տալիս անձնական վիրավորանք ինչ-որ մեկի հասցեին, ապա նա, հնարավոր է, որ ստանա համախատասխան պատասխան»։

NEWS.am-ի թղթակցի հարցրել է, թե արդյոք Դոխոլյանի պատասխանը Facebook սոցիալական ցանցում համապատասխանում է Բիշարյանի ասածին և փորձել է մեջբերել Դոխոլյանի գրածը, սակայն Բիշարյանը թղթակցի ձեռքից խլել է ձայնագրիչը և փակել ձեռքին եղած նեթբուքը:

Այնուհետև վերադարձնելով ձայնագրիչը՝ Բիշարյանը շարունակել է. «Լրագրողի  հնարամտությունը դա սուտ եւ կեղծ բան է, որ ինքը հղում է կատարում հարեւանների վրա, իսկ ով է այդ ասողը, եթե նրա աղբյուրը ազնիվ է, նա պետք է ասի, թե ով է։ Եթե երիտասարդ լրագրողն իրենց թույլ է տալիս նման անշնորհք և լկտի արտահայտություն  կատարել որեւէ անձի նկատմամբ, ում անգամ չի էլ ճանաչում, ես կարծում եմ, նա ստացել է արժանի պատասխան»։

Այնուհանդերձ Բիշարյանը չի ցանկացել մեկնաբանել Դոխոլյանի հետևյալ գրառումը. «Աստված մի արասցե մի օր «Ժողովուրդի» լրագրողուհին հանդիպի ինձ` նա անվարան կճաշակի իմ` տղամարդ լինելու անհերքելի փաստը` բոլոր հաճելի հետևանքներով»:

«Կներես, որ փակվեց (Բիշարյանը նկատի է ունեցել համակարգիչը- խմբ): Մի հատ հանգիստ, ես քո հարցին, չեմ պատասխանի»,- ասել է ՕԵԿ-փոխնախագահը։

Լրագրողների պնդմանը, որ ի վերջո գրողը Բիշարյանի ազգականն է, և նա հաստատ մնացածից ավելի լավ կպարզաբանի գրվածի իմաստը, Բիշարյանը կրկնել է. «Ես ձեր հարցերին չեմ պատասխանում»:

Նշենք, որ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՕԵԿ-ական Լևոն Դոխոլյանը ապրում է Շենգավիթում, և իր հարևանները նրան ճանաչում են «Քույրիկ Լևոն» մականունով: