Home / Հայաստան / Վրացիները դեռ կկարոտեն Սաակաշվիլիի ժամանակները

Վրացիները դեռ կկարոտեն Սաակաշվիլիի ժամանակները

«Միխեիլ Սաակաշվիլին, հնարավոր է, նախկին ԽՍՀՄ ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է՝ իր ոխերիմ թշնամի Վլադիմիր Պուտինից հետո»,- գրում է The Independent-ի լրագրող Ուիլյամ Դանբարը: Նրա խոսքով՝ հնարավոր  է՝ Սաակաշվիլիի ժառանգությունը հակասական լինի, բայց այն անշուշտ մեծ է լինելու:

Սաակաշվիլին ծայրահեղությունների մարդ է. այսօր նրան անիծում են գրեթե այնքան, որքան պաշտում էին 10 տարի առաջ, ասվում է հոդվածի մեջ: Վրացիները հեռացող նախագահին ատելու համար քիչ պատճառներ չունեն: Նա հաճախ ավտորիտար է եղել, անգամ՝ բռնապետի նկռտումներ է ունեցել: Հոդվածի հեղինակն էլ նրան կշտամբելու առիթ ունի. երկրում 7 տարվա աշխատանքի ընթացքում իշխանությունները երկու անգամ ներխուժել են նրա գրասենյակ ու խաղաղ ցույցի ժամանակ նրա վրա կրակել ռետինե փամփուշտներով: «Ես նաև տեսել եմ՝ ինչպես է Միշայի մեծամտությունն ու սխալ հաշվարկները երկրին ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, ու հաշտվել այն հանգամանքի հետ, որ իմ հեռախոսը ապօրինի գաղտնալսում են, ինչպես 21 հազար այլ հեռախոսներ,- պատմում է Դանբարը: – Հետևելով Միշայի վերջին օրերին, սակայն, գիտեմ, որ նրա կարիքը շատ եմ զգալու, ու վստահ եմ՝ չնայած կոպիտ սխալներին՝ նա իր երկիրն ավելի լավն է դարձրել»:

2003 թվականին Վրաստանում գործող ժողովրդավարական ինստիտուտներ չկային, հիշեցնում է հեղինակը: Սաակաշվիլին իշխանության եկավ ժողովրդական դժգոհության ալիքի վրա ու միայն մի քանի ամիս անց պաշտոնապես ընտրվեց նախագահ: Որքա՜ն է այսօր ամեն ինչ փոխվել: Միշան իշխանությունը խաղաղ կերպով փոխանցում է ընդդիմությանը՝ ընդունելով ընտրություններում իր պարտությունը:

«Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, ամբողջ Կենտրոնական Ասիայում ղեկավարին կարող է հեռացնել փողոցը, իսկ նա կարող է իշխանությունից կառչել մարազմի աստիճան կամ իրեն իրավահաջորդ ընտրել»,- նշում է հեղինակը: Այնպես որ տարածաշրջանում իշխանության խաղաղ փոխանցումն այնքան հազվադեպ է, որ բավարար է Սաակաշվիլիի ժառանգության հավերժացման համար: Դրան պետք է ավելացնել նաև նրա կողմից մանր կոռուպցիան արմատախիլ անելը, տնտեսական աճը, ենթակառուցվածքի բարելավումը, թոշակների բարձրացումն ու Վրաստանը աշխարհի քարտեզի վրա վերադարձնելը, նշում է հոդվածագիրը:

«Բոլոր ձեռքբերումներով ու ձախողումներով հանդերձ՝ նրա հեռանալը վրացական քաղաքականության մեջ մի բաց կթողնի, որը ոչ ոք ի վիճակի չի լինի լրացնել, ու ես կարծում եմ, որ վրացիները դեռ կկարոտեն այն ժամանակները, երբ իրենց նախագահը ժողովրդական պարերի դասերի ժամանակ պատրաստակամորեն պարում էր երեխաների հետ կամ անամոթաբար խաղեր տալիս Հիլարի Քլինթոնի հետ»,- եզրափակում է Դանբարը: