Home / Հայաստան / Կենսաթոշակային միջոցները կառավարողների հետևում ՀՀ իշխանություններն են. Բագրատյան

Կենսաթոշակային միջոցները կառավարողների հետևում ՀՀ իշխանություններն են. Բագրատյան

Պարտադիր կուտակային կենսաթոշակին անցնելով՝ մեր երկրի իշխանությունները 150 միլիոն դոլար են տալու Արևմուտքին՝ փորձելով շահել վերջինիս սերը և, ըստ էության, քցելով ռուսներին: Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին, որն իշխանությունները նախատեսում են ներդնել 2014-ի հունվարի 1-ից, այս մասին լրագրողներին ասել է ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա՝ դեպի Եվրոպա նման մեծ գումարներ ուղղելը դուր չի գա Պուտինին, հատկապես եթե հաշվի առնել, որ Հայաստանը Մաքսային միություն է մտնում:

Բագրատյանի կարծիքով՝ այդ ամենը նման է «մեկի հարսով ուրիշի փեսին լավություն անելուն»: Նման քայլի ՀՀ կառավարությունն առաջին անգամ չի գնում, հայտարարել է տնտեսագետը՝ հիշեցնելով սոցիալական փաթեթը և պարտադիր ապահովագրությունը:

«Ասում են՝ գնա հանգստացի, բայց պետք է գնաս իմ ընկերոջ հանգստյան տուն» Եթե պարտադիր է, թող լինի պետական, ինչի՞ եք ինձնից օրենքով փող պոկում, տանում, ձեր ընկերոջը տալիս», – ասել է Բագրատյանը:

Նա նաև անդրադարձել է այն երկու ընկերություններին, որոնք պետք է կառավարեն հավաքագրված կենսաթոշակային միջոցները, ու ասել, որ դրանց հետևում կանգնած են ՀՀ բարձրագյուն իշխանությունները: Հիշեցնենք, որ կառավարիչներից մեկը ֆրանսիական «Ակբա-կրեդիտ-ագրիկոլ» և «Սոսիետե ժեներալ» խմբերի համատեղ «Ամունդի» ակտիվների կառավարիչ ընկերությունն է, մյուսը՝ երմանական «Տալանքս» խմբի «Սի-Քվադրատ» ներդրումային ընկերությունը:

«Կուտակայինի կառավարիչ լինելու համար շատ խիստ պայմաններ են դրված անծանոթներին թույլ չտալու, որ զբաղվեն այդ գումարների հավաքագրմամբ»,- ասել է պատգամավորը:

Բագրատյանի խոսքով՝ Էստոնիայում, որի օրինակը բերում են իշխանությունները,  պարտադիր կենսաթոշակային համակարգը շատ այլ կերպ է գործում: Այնտեղ քաղաքացին վճարում է ոչ թե 5 տոկոս, այլ երկու, թեև Էստոնիան Հայաստանից չորս անգամ լավ է ապրում:

«Ինչու է Էստոնիայում միջոցների կառավարիչ կազմակերպությունների թվիը 27, մեզ մոտ՝ 2: Ինչո՞ւ էս գլխից՝ օլիգոպոլիա», – ասել է Բագրատյանը: