Home / Հայաստան / «Մեղսունակության հետ կապված մի բան այն չէ». Սեդրակյանի փաստաբանը բողոքը հանձնել է Վերաքննիչ

«Մեղսունակության հետ կապված մի բան այն չէ». Սեդրակյանի փաստաբանը բողոքը հանձնել է Վերաքննիչ

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել և սպասում է գործի քննությանը: Սիրունյանը պահանջում է արդարացնել Վարդան Սեդրակյանին, ով առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 14 տարվա ազատազրկման ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Սիրունյանն ասել է, որ պաշտպան կողմը գտնում է, որ խնդիրը վերաբերում է ոչ թե Հայրիկյանի մահափորձին, այլ իրենց վրա հարձակում է իրականացվում:

«Ընթերցելով դատավճիռը՝ ստացվում է, որ դատավարության մասնակիցներից մեկի, կամ մի քանիսի մոտ մի բան այն չէ մեղսունակության հետ կապված: Ստացվում է, որ առանց դրդապատճառի, նպատակի, պատշաճ դրդելու, ստիպելու, դրդելու, համոզելու, կազմակերպչական աշխատանքի, գին պայմանավորվելու ու այն վճարելու, «դիլխոր չեք մնա» ասելով՝ Վարդան Սեդրակյանը հանձնարարել է սպանել ոչ ավել, ոչ պակաս՝ Պարույր Հայրիկյանին: Հեռու չգնալու համար դա հանձնարարել է իր դիմացի հարևանին, որ բացահայտելը հեշտ լինի, կատարողներին հանձնարարել է Հայրիկյանին հետևել հենց իր՝ Սեդրակյանի 03-333 պետհամարանիշի մեքենայով, որ կասկած չլինի, թե դա իր մեքենան է: Չհաջողված սպանության իր հանցակիցներին չի հեռացրել հանրապետությունից և առնվազն չի էլ պարտակել: Որպեսզի իրավապահների աշխատանքը չդժվարացնի՝ կրակող Խաչիկ Պողոսյանին էլ հանձնարարել է նագանները տանել տուն ու ապահով պահել, որ գործը հեշտ բացահայտվի», – ասել է փաստաբանը:

Սիրունյանը շեշտել է, թե ինքը նշում է այն, ինչը հետևում էր դատավճռից ու դրանք այն հարցերն են, որոնց պատասխաններն իրենք չունեն և ակնկալում են ստանալ: Հիշեցնենք, որ դեռևս դատավճիռն ընթերցելուց հետո Սիրունյանը հայտարարել էր, որ Վարդան Սեդրակյանը սպանության հետ որևէ կապ չունի: