Home / Հայաստան / Փորձաքննությունը հաստատել է Հրաչյա Հարությունյանի մեղքը

Փորձաքննությունը հաստատել է Հրաչյա Հարությունյանի մեղքը

Փորձաքննությունը հաստատել է հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանի մեղքը Նոր Մոսկվայում տեղի ունեցած վթարի գործով, որի հետևանքով 18 մարդ էր մահացել: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Վարչության տվյալներով՝ Մոսկվայի ոստիկանության գլխավոր քննչական բաժինը ստացել է վթարի վերաբերյալ դատական գործով նշանակված դատահոգեբուժական ու երեք ավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացությունները:

«Ավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության, ինչպես նաև մեքենայի շահագործման կանոնները»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտնի է դարձել նաև, որ բեռնատարը տևական ժամանակ տեխնիկական սպասարկում չի անցել, ինչը հանգեցրել է արգելակման համակարգի խափանման: «Մեղադրյալն այդ մասին պետք է տեղյակ լիներ»,- նշել է ՆԳՆ գլխավոր վարչությունը:

Բացի դա, ավելի վաղ հաստատվել էր, որ «վթարի պահին մեքենան չափազանց ծանրաբեռնված էր, որը հանգեցրել է արգելակման համակարգի էլ ավելի լուրջ անսարքության, ինչի հետևանքով բեռնատարը ի վիճակի չի եղել արգելակել ճանապարհի տվյալ հատվածում»:

Ոստիկանությունում նշել են, որ, դատահոգեբուժական փորձաքննության տվյալների համաձայն, Հրաչյա Հարությունյանը մինչ ՃՏՊ-ն ու «վթարի պահին գտնվում էր գիտակից վիճակում ու ղեկավարում էր իր գործողությունները»:

Քննիչը Հրաչյա Հարությունյանին ու պաշտպանական կողմին արդեն ծանոթացրել է փարձագիտական եզրակացություններին: