Home / Հայաստան / ՄՄ-ին միանալու ճանապարհային քարտեզը պետք է պատրաստ լինի դեկտեմբերին. վարչապետ

ՄՄ-ին միանալու ճանապարհային քարտեզը պետք է պատրաստ լինի դեկտեմբերին. վարչապետ

Մոսկվայում Եվրասիական հանձնաժողովում չորս երկրների նախագահների հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել Հայաստանի Հանրապետության միացումը Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքային խմբում ընդգրկված են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետները։

«Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված, որպեսզի հստակ պատկերացում կազմվի, թե մենք ինչ ծավալի աշխատանք ենք կատարելու այդ գործընթացն իրականացնելու համար, և աշխատանքային խումբը պետք է նախապատրաստի ճանապարհային քարտեզը։ Դրա համար մեր բոլոր գերատեսչություններին լարված աշխատանք է սպասում: Եվ իհարկե, առաջին հերթին մեր աշխատանքով է պայմանավորված լինելու, թե ինչ ժամանակահատվածում ի վիճակի կլինենք այդ բոլոր միջոցառումներն իրականացնել: Քանի որ դեկտեմբերի 5-ին նախատեսվում է աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, մենք արդեն պետք է պատրաստ լինենք ներկայացնելու ըստ ոլորտների մեր անելիքները, մեր կարողությունները և թե ինչ ժամանակահատվածում կկարողանանք իրականացնել այս գործընթացը, որպեսզի հասցնենք դեկտեմբերին ունենալ ճանապարհային քարտեզ և այն ներկայացնել նախագահների հաստատմանը։ Սրանք Մաքսային միությանն անդամակցելու մեր մոտակա անելիքներն են:  

Սանկտ Պետերբուրգում ես հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի վարչապետների հետ և, բնականաբար, մենք քննարկել ենք Մաքսային միությանն անդամակցելու խնդիրները։ Եվ երեք երկրների վարչապետներն էլ մեզ խոստացել են օժանդակել, որպեսզի մենք կարողանանք պատշաճ ձևով այդ փաստաթղթերը նախապատրաստել և այդ միջոցառումներն իրականացնել», – Սարգսյանի խոսքերն է փոխանցում Կառավարության լրատվական ծառայությունը: